Ռուսաստանը թերագնահատում է «Իսլամական պետությունից» բխող վտանգը. Ջոն Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ ամերիկյան ողջ վարչակազմը հիասթափված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին Բարաք Օբամայի պլանի հանդեպ Ռուսաստանի մոտեցումից:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Քերին հայտարարել է, որ Ռուսաստանը թերագնահատում է զինյալներից բխող վտանգը. «Վերջին հաշվով Ռուսաստանը կհասկանա, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է ներկայացնում համայն աշխարհի համար, ինչպես նաև հենց իր՝ Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքն ու Չեչնիայում ունեցած փորձը:
Որոշակի խնդիրներ կարող են ծագել Ռուսաստանի հարևան երկրներում կամ էլ անգամ Ռուսաստանի մի շարք շրջաններում: Այնտեղ կան ահաբեկիչներ, որոնց մեծ մասը ցանկանում է հետևել «Իսլամական պետության» օրինակին:
Անհրաժեշտ է դասեր քաղել Սիրիայի ու Իրաքի դեպքերից: Ռուսաստանը պետք է միանա միջազգային հանրությանը, որը պայքար է կազմակերպում «Իսլամական պետության» զինյալների դեմ»: