Հայտնի է Եվրահանձնաժողովի նոր կազմը
Lenta.ru-ն, հղում կատարելով ԵՄ-ի պաշտոնական կայքին, հաղորդում է, որ Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է իր կաբինետում պորտֆելների բաշխման մասին:
Եվրահանձնաժողովի նոր կազմը որակվել է որպես ուժեղ և փորձառու թիմ, որը հանդես է գալիս փոփոխությունների օգտին: Սրանից առաջ հաղորդվել էր, որ իտալացի Ֆեդերիկա Մողերինին զբաղեցնելու է ԵՄ-ի արտաքին հարցերով ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պաշտոնը:
Յունկերն իր տեղակալներ է նշանակել նաև Ֆրանս Թիմերմանին Նիդերլանդներից, ով պատասխանատու է լինելու իրավական պետություն կառուցելու ու հիմնարար իրավունքների պահպանման համար, էստոնացի Անդրուս Անսիպին, ով զբաղվելու է թվային տեխնոլոգիաներով ու Ալենկա Բրատուշեկին՝ Սլովենիայից, որի խնդիրն էներգետիկ ոլորտի հարցերի լուծումն է:
Նոր կառավարությունում տնտեսական հարցերով զբաղվելու է Պիեռ Մոսկովիսին (Ֆրանսիա), իսկ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար է դառնալու իսպանացի Միգել Արիաս Կանիետեն: