211652_close_icon
views-count3832 դիտում article-date 12:10 04-09-2014

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը նվիրվում է Հովհաննես Թումանյանի 145 ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս.թ. սեպտեմբերի 6-10-ը ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը: Այն կազմակերպում և իրականացնում է «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ-ն («[url=http://www.unimaarmenia.info.am/]ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը[/url]»): Փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ մասնակիցները հարգանքի տուրք կմատուցեն և ծաղիկներ կդնեն Հովհաննես Թումանյանի հուշարձանին: Նույն օրը, ժամը 14:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա փառատոնի հանդիսավոր բացումը, որին կհետևի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբությունը, այնուհետև կսկսվեն փառատոնի առաջին ներկայացումները: Մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը և «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Արմեն Սաֆարյանը: Ս. Գեղամյանը փառատոնին հաջող մեկնարկ և գեղեցիկ ընթացք է մաղթել: Նա նշել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը սիրով է աջակցում այս` ոչ միայն աչք շոյող, այլև հոգին կրթող յուրօրինակ փառատոնին: Ա. Սաֆարյանն ավելացրել է, որ «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակին: Իր ձևի մեջ միակը` որպես հեքիաթի փառատոն, «Թումանյանական հեքաթի օրը» մեծ դեր է խաղում թատերական ու հատկապես տիկնիկային արվեստի զարգացման գործում, նպաստում է նոր թատերախմբերի ստեղծմանը, այս ոլորտում երիտասարդ գործիչների ի հայտ գալուն և, վերջապես, երեխաներին հեքիաթային տոն նվիրելու լավ հնարավորություն է: Ա. Սաֆարյանն ավելացրել է, որ փառատոնի ամբողջ ընթացքը լի է լինելու հետաքրքիր անակնկալներով ու բոլորին հրավիրել է մասնակցել բարության, խաղաղության, հանդուրժողականության տոնին` «Թումանյանական հեքիաթի օրվան»:

Նմանատիպ նյութեր