211652_close_icon
views-count1375 դիտում article-date 17:53 30-08-2014

Ավանդական դարձած հերթական խորհրդակցությունը Երևանի քաղաքապետարանում՝ ուսումնական տարվան ընդառաջ

Ուսումնական տարեմուտի նախօրյակին հանրակրթությանն առնչվող հարցեր են քննարկվել ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցության ընթացքում, որին հրավիրվում են Երևանի հիմնական բոլոր դպրոցների տնօրենները։ Խորհրդակցությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը և Երևանի վարչական շրջանների ղեկավարները։ «Բավականին լուրջ քննարկում է տեղի ունենում ավանդական դարձած այս խորհրդակցությունների ընթացքում. առավելապես քննարկվում են առաջիկա ուսումնական տարվա խնդիրները՝ հիմք ընդունելով նախորդ տարիների փորձառությունը, բացերը, իսկ դրանք, անշուշտ, առկա են։ Քննարկելու ենք ուսումնակրթական, նյութատեխնիկական, վարչարարության հետ կապված և այլն խնդիրներ, որոնք այսօրինակ քննարկման անհրաժեշտություն ունեն և, այդպիսով, ձևավորվում է նաև ընդհանրական վերլուծություն»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Լրագրողների հարցադրմամբ՝ վերջինս անդրադարձել է նաև դրամահավաքության խնդրին։ «Դրամահավաքություն երևույթի դեմ քաղաքապետարանը պայքարել ու պայքարելու է խստությամբ, այժմ արդեն թեժ գծերով։ Էապես նվազել է այդ երևույթը, դեպքեր եղած պարագայում էլ, ինչպես, օրինակ, նախորդ տարի 3 դպրոցներում վարչական տույժեր կիրառվեցին, հավաստիացնում եմ մեղավորներն անպատիժ չեն մնա»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։ Այս տարի առաջին անգամ է, որ խորհրդակցությունից հինգ օր առաջ հիմնական բոլոր դպրոցների տնօրենները էլեկտրոնային փոստով նախապես ստացել են Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության տարեկան աշխատանքային պլանը, ինչը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, տնօրենների առաջարկներն ու դիտարկումներն առավել թիրախային դարձնելուն է նպաստելու։ «Աշխատանքային շաբաթվա ընթացքում ստացել ենք տնօրենների հարցերը, դիտարկումները, առաջարկները, խմբավորել ենք։ Այսօրվա խորհրդակցությանը մասնակցում են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների և ֆինանսական վարչությունների պետերը, քանի որ պարզ դարձավ, որ տնօրեններին մեծամասամբ հետաքրքրում է գնումների գործընթացքը, որին մեծ ուշադրություն է կենտրոնացրել Երևանի քաղաքապետը, որպեսզի համայնքային բյուջեով դպրոցներին հատկացված գումարները նպատակային և գրագետ օգտագործվեն։ Շատ կարևոր հարցեր ունենք նաև ուղղված ՀՀ ԿԳՆ-ին. հրավիրված է փոխնախարարը և կպատասխանի նաև բովանդակային խնդիրներին, կրթական կարգերին առչվող հարցերին, որոնք աշխատանքային գործընթացում նկատվում են և, միգուցե, շտկվելու կարիք ունեն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը։ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ոլորտի բարելավմանն ուղղված ձեռնարկումներում կարևորել է նաև այս խորհրդակցությունը։ Փոխնախարարն առաջարկել է առավել աշխույժ լինել մարզերի դպրոցների հետ համագործակցության հարցում, քանի որ շատ դեպքերում հենց մայրաքաղաքի դպրոցներն են ուղենիշ դառնում երկրի այլ համայնքների դպրոցների համար։ Մանուկ Մկրտչյանը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, ներառական կրթության կարգին, դպրոցներում նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընդլայնմանը, հասարակության շրջանում դպրոցի դիրքի ամրապնդմանը և այլն։

Նմանատիպ նյութեր