ԵԿՄ վարչության ամփոփիչ ուխտագնացությանը մասնակցել է նաև Բակո Սահակյանը
Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի տարածքում տեղակայված «Նոր կյանք» ջրաշխարհին հարակից հարթակում այսօր` օգոստոսի 28-ին, կայացավ երկրապահական ուխտագնացության ամփոփիչ միջոցառումը: Միջոցառման ժամանակ հանձնվեցին մի շարք երկրապահական պարգեւներ, որոնց մի մասը, ցավոք, հետմահու:
Միջոցառմանը ներկա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հատուկ կարեւորեց երկրապահական ուխտագնացությունների նշանակությունը` ընդգծելով, որ դա դրական ազդեցություն է ունենում Արցախի բնակչության առանց այն էլ հզոր ոգու վրա:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էլ հավաստիացրեց, որ երկրապահները, Արցախյան ազատամարտի մասնակիցներն այսօր եւս պատրաստ են կանգնել առաջնագծում: Զորավարը վստահություն հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում հայկական բանակն ի զորու է ոչ միայն պաշտպանական, այլեւ հաջող հարձակողական գործողություններ իրագործել, եթե, իհարկե, թուրքը խելքը գլուխը չհավաքի եւ շարունակի հոխորտալ: