211652_close_icon
views-count990 դիտում article-date 17:04 26-08-2014

Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգին

Երևանի զարգացման քաամյա ծրագրի շրջանակում 2014թ. իրականացվող շինբարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով Կենտրոն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած բարեկարգվող այգու շինհրապարակ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է և առաջիկայում կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ համաձայն նախագծի՝ տարածքի 5976 քմ-ը երեսպատվում է բետոնե, բազալտե և տրավերտինե սալիկներով: Զուգահեռաբար տեղադրվում է 706 գծմ եզրաքար։ Հանգստի գոտում կկառուցվեն 235 գծմ ընդհանուր երկարությամբ աստիճաններ։ Տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար հանգստի գոտու մուտքը մատչելի դարձնելու նպատակով էլ կկառուցվի 5 թեքահարթակ։ Նաև զեկուցվել է, որ բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով այգում կկառուցվի 1663քմ ընդհանուր մակերեսով շատրվաններով գործող 3 ջրավազան։ Բացի այդ, հանգստի գոտու ամբողջ տարածքը կկահավորվի նորաոճ նստարաններով և աղբամաններով, կանցկացվի արտաքին լուսավորության համակարգ, իսկ կանաչ տարածքների ապահովման նպատակով էլ կստեղծվեն 4391քմ ընդհանուր մակերեսով սիզամարգեր, որոնցում կիրականացվեն ծաղկային ձևավորումներով կղզյակներ։ Իսկ այգու կանաչ տարածքների ոռոգումն ապահովելու նպատակով կանցկացվի 1470 գծմ երկարությամբ ոռոգման ցանց: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետը նկատել է, որ տարածքի բարեկարգումն, ըստ էության, բոլոր երևանցիների ցանկությունն ու արդարացի պահանջն էր. «Հատկապես հաշվի առնելով, որ այս այգին Երևանի սրտում է գտնվում, իրոք, մայրաքաղաքին հարիր չէր, որ այն մնար անխնամ ու բարձիթողի վիճակում, ինչպես եղել էր տասնամյակներ շարունակ: Եվ մենք այն ներառեցինք այգիների և պուրակների բարեկարգման այս տարվա ծրագրի շրջանակում, ու մայիս ամսից այստեղ մեկնարկել են շինբարեկարգման աշխատանքները: Ներկայացված նախագծի վրա արդեն իսկ տեսանելի է, որ այն իսկապես գեղեցիկ հանգստի գոտի կդառնա ու կծառայի իր բուն նպատակին: Համաձայն նախագծի՝ այստեղ կունենանք նաև շատրվաններով գործող 3 ջրավազան, ինչը, համոզված եմ, էլ ավելի գրավիչ կդարձնի տարածքը: Աշխատանքների ընթացքը մեր մշտական հսկողության տակ է, ու արդեն այս տարվա հոկտեմբերին այգին կհանձնենք մեր համաքաղաքացիների տնօրինմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել աշխատանքների ընթացքն ու որակը և գործընթացն ավարտել նախատեսված ժամկետում:

Նմանատիպ նյութեր