Պուտինը «մոռացել է» շնորհավորել Պորոշենկոյին
ԱՄՆ-ի նախագահը, Մեծ Բրիտանիայի թագուհին, Հռոմի Պապը, Վրաստանի, Բելառուսի, Լեհաստանի նախագահները երեկ շնորհավորել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ կապված Ուկրաինայի անկախության 23-րդ տարեդարձի հետ:
Այս մասին հայտնում է Украинская правда-ն: Իրենց շնորհավորական ուղերձներում նրանք վճռական աջակցություն են հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև կարևորել են այն, որ Ուկրաինան իրավասու է ինքը վճռել իր ապագան:
Խոսք է գնացել նաև Ուկրաինայի եվրաինտեգրման, այդ երկրում կարևոր բարեփոխումներ անցկացնելու և երկրի արևելքում անդորրի հաստատման մասին: Պորոշենկոյին շնորհավորել են նաև Իսպանիայի ու Շվեդիայի թագավորները, Ճապոնիայի կայսրը, Ֆրանսիայի, Ավստրիայի, Սլովակիայի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Խորվաթիայի, Պորտուգալիայի, Սինգապուրի, Մեքսիկայի, Բենինի և այլ երկրների նախագահները, Վրաստանի վարչապետը:
Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն անտեսել է Ուկրաինայի անկախության տոնը՝ «մոռանալով» այդ մասին, ինչի մասին վկայում են Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների կայքերը, որոնցում որևէ խոսք չկա Պուտինի կողմից Պորոշենկոյին շնորհավորելու մասին: