211652_close_icon
views-count1490 դիտում article-date 22:06 23-08-2014

24 տարի առաջ` Գերագույն խորհրդում. ամեն բառ իր տեղում է

Ինչ էր կատարվում Գերագույն խորհրդում 24 տարի առաջ այս օրը: Ինչպես ընդունվեց Անկախության մասին հռչակագիրը: Նիստերի արձանագրությունը բառ առ բառ այստեղ է` Ազգային արխիվում: Քննարկումը թեժ էր: Հռչակագրի 8 նախագիծ էր շրջանառվում: Օգոստոսի 4-ին ստեղծվեց 15-հոգանոց հանձնաժողով: Միայն 15 հոգով գործը գլուխ չեկավ: Նրանց միացան գիտնականները: Ի վերջո, 8-ից ընտրվեց 3, հետո նոր մեկ միասնական տարբերակ: Ամենասուր վիճաբանությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն էր վերաբերում: Ընդգրկել հարցը հռչակագրում, թե ոչ: Վեճը դրական լուծում ստացավ: Մինչև վերջին պահը թեժ էին քննակումները նաև հռչակագրի անվան շուրջ: Ի վերջո Գերագույն խորհուրդը եկավ ընդհանուր հայտարարի: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Դրանից անմիջապես հետո հռչակագրի բնօրինակը հանձնեցին Պատմության թանգարանին: Հռչակագրի ներքևում գրիչն է, որով այն ստորագրել են այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահն ու քարտուղարը: Հայաստանի անկախության նվիրված ցուցասրահը պատմության թանգարանում գործում է 2011-ից: Այդ ժամանակվանից անկախության հռչակագիրը մշտապես ցուցադրվում է: 24-րդ տարեդարձին այստեղ դեռ լուռ է: Մինչև Արմնյուզի նկարահանումը, իսկ այն կեսօրին էր, դեռ ոչ ոք չէր հետաքրքրվել պատմական փաստաթղթով: Փոխարենը տոնական քայլերթ է հնչում Մելիք Ադամյան 1-ում: 1990-ին Գերագույն խորհրդի նիստերն այստեղ էին անցնում: Հենց այստեղ առաջին անգամ հնչեց Հայաստանի անկախության հռչակագիրը: 24 տարի հետո էլ Ազգային ժողովի նախագահը վստահ է, այն մինչև հիմա էլ արդիական է: Ամեն բառ իր տեղում է և ամենայն բծախնդրությամբ ընտրված: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32760]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր