211652_close_icon
views-count1285 դիտում article-date 21:15 13-08-2014

Ռուսաստանի հայ բժիշկների համագումար` Մոսկվայում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Հակաէպիլեպտիկ լիգայի նախագահ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, Մոսկվայի Պիրոգովի անվան բժշկական համալսարանի բժիշկների վերապատրաստման նյարդաբանության կուրսերի ղեկավար, պրոֆեսոր Գագիկ Ավագյանին և Ռուսաստանի հայ բժիշկների հայաստանյան կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Մկրտիչ Ավագյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հոկտեմբերի 18-ին Մոսկվայում նախատեսվող Ռուսաստանի հայ բժիշկների համագումարի կազմակերպական հարցեր: Համագումարի նախաձեռնող խմբի նպատակն է միավորել Ռուսաստանի Դաշնությունում գործող հայ բժիշների տարբեր կազմակերպություններն ու միավորումները, ինչն ավելի արդյունավետ կդարձնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգերի հետ համատեղ ծրագրերի իրականացումը։ Մոսկովյան համագումարին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններում գործունեություն ծավալող հայ բժիշկների մասնագիտական միավորումներ, անվանի մասնագետներ։ Գագիկ Ավագյանն իր և նախաձեռնող խմբի մեկ այլ անդամի` ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանի անունից նախարարին հրավիրեց մասնակցելու համագումարին: Արմեն Մուրադյանը հաստատեց իր մասնակցությունը: Համագումարին կհրավիրվեն նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջատար բժիշկներ, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի ճանաչված հայ մասնագետներ:

Նմանատիպ նյութեր