211652_close_icon
views-count2183 դիտում article-date 17:44 11-08-2014

Առանց թունանյութերի ազնվամորի՝ Արայի համայնքում

Այսուհետ Արագածոտնի մարզի Արայի համայնքում կաճեցվեն ազնվամորու և ելակի նոր տեսակներ: Եվրոպական միության աջակցությամբ «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հկ-ն «Ակցիա սովի դեմ» միջազգային հիմնադրամի հետ համատեղ Արագածոտնի մարզի Արայի համայնքի հիմնել է փորձացուցադրական տնտեսություն: 15 կանանցից բաղկացած խումբը մշակել է ազնվամորու նոր արդյունավետ տեսակներ: Այս մասին է տեղեկացնում «Փաբլիսիս հեպտա» ընկերության մամուլի ծառայությունտը: Ծրագրին ներգրավվել են ոչ միայն Արայի 15 կանայք, այլև Արայի 5 հարակից համայնքները, որտեղ 20 կանայք նույնպես զբաղվել են հատապտուղների մշակությամբ: «Այս 1,5 տարվա ընթացքում մենք կանգնած էինք կանանց կողքին՝ սկսած հողի նախապատրաստական աշխատանքներից, տնկիների ձեռքբերման, մշակության աշխատանքներից: Մենք ծրագրում ընդգրկված կանանց համար կազմակերպել ենք դասընթացներ հիմնականում ազնվամորու, նաև ելակի՝ առանց թունանյութերի մշակման վերաբերյալ: Ծրագրի շնորհիվ ստեղծվել է ֆերմեր-տեղական ինքնակառավարման մարմիններ-հասարակական կազմակերպություն համագործակցության շատ լավ օրինակ»,- նշել է «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հկ-ի նախագահ Նունե Սարուխանյանը: Ոմանք այս տարի արդեն առաջին բերք են ստացել: Տեղական ազնվամորու բերքահավաքն արդեն ավարտված է, մինչդեռ այն տեսակները, որոնք առաջարկվել են ծրագրի շրջանակներում, մինչև խոր աշուն բերք կունենան: Ամբողջ տարածաշրջանում արդեն բոլորը գիտեն, որ Արայի համայնքում մշակվում է առանց թունանյութերի ազնվամորի: Օգոստոսի 11-ին Արայի համայնքի փորձացուցադրական տնտեսությունում ամփոփվել են «Աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի արդյունքները: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին և ավարտվել սույն թվականի հուլիսի 7-ին: 18-ամսյա ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից 133,943 եվրոյով: «Աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի նպատակն էր բարձրացնել Արագածոտնի մարզի կարիքավոր ֆերմերների և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության մակարդակն ու կարողությունը առաջադեմ և կայուն գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտում: ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը դարձյալ ուրախ էր հանդիպել ծրագրում ներգրավված կանանց: «Շնորհակալ եմ, որ դարձյալ ինձ հրավիրել եք Արայի համայնք: Ուրախ եմ, որ ազնվամորին և ելակը արդեն տվել են առաջին պտուղները: Սովորաբար մարդիկ կարծում են, թե Եվամիությունը համագործակցում է միայն նախարարությունների հետ, սակայն ուզում եմ ասել, որ համայքների հետ համագործակցությունը մենք առավել շատ ենք կարևորում: Սա Եվրամիության կողմից տրվող փոքր դրամաշնորհների կատարյալ օրինակ է: Մենք ուրախ ենք տրամադրել ֆինանսական աջակցություն հատկապես համայքներում փոքր բիզնեսի զարգացման համար: ԵՄ-ի նպատակն է օգնել մարդկանց, որպեսզի նրանք սովորեն օգնել իրենց: Առաջին անգամ, երբ մենք հանդիպեցինք 18 ամիս առաջ, ես կանանց աչքերում թերահավատություն տեսա, սակայն այսօր կարող եմ ասել, որ մենք արեցինք դա, ավելի ճիշտ, դուք արեցիք դա»,- նշեց նա: Ծրագրում ներգրավված 6 համայնքներում ստեղծվել են 34 փոքր տնտեսություններ, որտեղ կիրառվել են առաջավոր տեխնոլոգիաներ՝ հիմք դնելով ազնվամորու շպալերային տնկարկների հիմնմանն ու ելակի մուլչապատման եղանակով մշակությանը:

Նմանատիպ նյութեր