211652_close_icon
views-count1443 դիտում article-date 17:00 09-08-2014

Հարձակվողական ֆուտբոլը երկրպագուներին բերում է մարզադաշտ. «Արարատի» գլխավոր մարզիչ

«Արարատի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դուշան Միյիչը, ով ով արդեն գլխավորել էր երևանյան թիմը 2007-2008 թթ մրցաշրջանում, հարցազրույց է տվել «Արարատ»-ի պաշտոնական կայքին: [b]Բարի գալուստ, Պարոն Միյիչ: Ինչպե՞ս առաջացավ «Արարատ» վերադառնալու տարբերակը: [/b] Երբ ես առաջին անգամ գլխավորեցի «Արարատը» 2007-ին, դա իմ արտասահմանում աշխատելու առաջին փորձն էր: Սկզբում դժվար էր հասկանալ հայ ֆուտբոլիստների մտածելակերպը: Սակայն, 2-3 ամիս անց, երբ մենք հավաք անցկացրեցինք Խորվաթիայում, ես սկսեցի ավելի լավ հասկանալ հայկական ֆուտբոլի առանձնահատկությունները: Ստացվեց այնպես, որ ես լքեցի թիմը մրցաշրջանի մեկնարկից առաջ: Երբ ես «Արարատը» կրկին գլխավորելու առաջարկ ստացա, շատ լավ էի պատկերացնում, թե ինչ աշխատանք է սպասվում ինձ Հայաստանում: Վստահ եմ, որ կկարողանանք բեղմնավոր աշխատանք կատարել: [b]Ինչո՞վ էիք զբաղվում 2008-ին «Արարատը» լքելուց հետո: [/b] Նախ ստացա ՈւԵՖԱ-ի «A» կարգի մարզչական արտոնագիր, այնուհետև չորս տարի շարունակ գլխավորում էի «Վոյվոդինայի» երկրորդ թիմը: Հետագայում սկսեցի մասնակցել «Pro» արտոնագրի ստացման դասընթացներին, որոնք անցկացվում էին Սարաևոյում: Եվս երկու քննություն և ես կստանամ նաև այդ արտոնագիրը: Մոտ կես տարի գլխավորել եմ նաև Նովա Պազովայի «Ռադնիչկի» թիմը: Ունեի առաջարկներ Բահրեյնից և Վիետնամից, սակայն որոշեցի կենտրոնանալ «Pro» կարգի արտոնագիր ստանալու վրա: [b]Դուք խաղացել եք տարբեր թիմերում, նվաճել եք Հարավսլավիայի չեմպիոնի տիտղոսը, խաղացել եք իսպանական «Էսպանյոլում»: Ֆուտբոլիստի կարիերայի ո՞ր հատվածը կարող եք առանձնացնել: [/b] Այն ժամանակ Հարավսլավիայում կար օրենք, համաձայն որի ֆուտբոլիստը կարող էր տեղափոխվել արտասահմանյան թիմ միայն 27 տարեկանից հետո: Այն ժամանակ Հարավսլավիայի առաջնությունը շատ ուժեղ էր: 27 տարեկան էի, երբ տեղափոխվեցի Իսպանիա: Իհարկե, հսկայական փորձ ձեռք բերեցի: Շատ ուրախ եմ, որ խաղացել եմ այնպիսի մասնագետների գլխավորությամբ, ինչպիսիք են Լյուբոմիր Պետրովիչը և Խավյեր Կլեմենտեն: [b]Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Դուք հանդես էիք գալիս պաշտպանի դիրքում: Սակայն մարզիչ Միյիչին հոգեհարազատ է հարձակվողական ֆուտբոլը: Ինչի՞ հետ է դա կապված:[/b] Հարձակվողական ֆուտբոլը դուր է գալիս երկրպագուներին և բերում է նրանց մարզադաշտ: Խաղային կարիերայի ընթացքում էլ ինձ դուր էր գալիս հարձակվողական ֆուտբոլը: Չնայած նրան, որ ես հանդես էի գալիս եզրային պաշտպանի դիրքում, սիրում էի միանալ գրոհներին և 5-6 գոլ էի հեղինակում մեկ մրցաշրջանի ընթացքում: Այսօրվա ֆուտբոլում թիմի մարտավարությունը կարող է մի քանի անգամ փոփոխվել մեկ հանդիպման ընթացքում: Բոլոր ֆուտբոլիստները պետք է մասնակցեն ինչպես պաշտպանական, այնպես էլ` հարձակվողական գործողություններին: [b]Ինչպե՞ս կգնահատեք «Արարատի» նախապատրաստական փուլը:[/b] Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ նախապատրաստական փուլից: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այն ֆուտբոլիստները, որոնք միացան մեզ մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ, մասնակցեին նաև թիմի հավաքներին: Սակայն, ունենք այն, ինչ ունենք: Պետք է խաղացնենք այս ֆուտբոլիստներին առաջնության ընթացքում: Փորձարկումների ժամանակ չունենք: [b]Ի՞նչ կասեք նորեկների մասին:[/b] Նորեկները լավ տպավորություն են թողնում և ես հուսով եմ, որ նրանք մեզ օգտակար կլինեն: Մնում է բարելավել խաղակցվածությունը: Ինչքան շուտ նրանք մերվեն թիմի խաղին և հայկական ֆուտբոլին, այնքան լավ կլինի «Արարատի» համար: [b]Ինչպիսի՞ տպավորություն են թողնում երկրորդ թիմի երիտասարդ ֆուտբոլիստները:[/b] Իհարկե, զգացվում է փորձի պակասը, սակայն նրանք ջանադրաբար մարզվում են և կարող են առաջադիմել: Վրաստանում կայացած հավաքի ընթացքում նրանք ապացուցեցին, որ ներուժ ունեն: Սակայն, նրանց պետք է աստիճանաբար ներգրավել առաջին թիմի խաղերին: Եթե այս գործընթացը սահուն չլինի, կտուժեն հենց իրենք: [b]Ի՞նչ նպատակներ են դրվել «Արարատի» առջև մեկնարկած Հայաստանի առաջնությունում:[/b] Մարտունակ թիմ ստեղծել և պայքարել մրցանակային տեղերի համար: [b]Ի՞նչ կասեք «Ալաշկերտի» հետ խաղի մասին:[/b] Մենք բավականին լավ հանդիպում անցկացրեցինք, սակայն արդյունքը, բնականաբար, գոհացնել չի կարող: Ֆուտբոլում ամենակարևորը լուսատախտակին վառվող հաշիվն է: Չի կարելի կորցնել կենտրոնացվածությունը և մտածել, որ մեկ գնդակի առավելությունը հաջողություն կապահովի: Խաղը ընթանում է 90 րոպե: Որոշ ֆուտբոլիստների մոտ զգացվեց փորձի պակասը: Հարցը միայն պաշտպանների մեջ չէ, քանի որ պաշտպանությունը սկսվում է հարձակման գծից: [b]Հաջողություն ենք մաղթում Ձեզ մեկնարկած մրցաշրջանում:[/b] Շնորհակալություն:

Նմանատիպ նյութեր