4000 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 7-8-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 31 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 5 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 1425 կրակոց:
Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: