211652_close_icon
views-count1852 դիտում article-date 17:57 06-08-2014

Ձևավորվում է այլընտրանքային խորհրդարան. 50 հոգի արդեն ինքնառաջադրվել է. տեսանյութ

Օգոստոսի 6-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի անդմաների մամուլի ասուլիսը, որի ժամանակ անդրադարձ կատարվեց Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ընթացքին: Արդեն շուրջ 50 հոգի ինքնառաջադրվել է՝ Երևանից, ՀՀ մարզերից և Սփյուռքից: Այս մասին է տեղեկացնում Նախախորհրդարանի մամուլի ծառայությունը: Բանախոսները նշեցին, որ Հայաստանում ձևավորվում է այլընտրանքային կառավարման համակարգ, որի կենտրոնում Հիմնադիր խորհրդարանն է: Այն հանդես է գալու որպես ժողովրդի կամքը ներկայացնող մարմին և լեգիտիմացվելու է ժողովրդի կողմից, որից հետո ժողովրդի համախմբման, մոբիլիզացիայի միջոցով ապահովելու է արմատական փոփոխությունների կատարումը: «Մենք երկիրը չենք տանելու քաոսի, ուստի այսօրվանից պետք է հստակ իմանանք, թե ինչը ինչով ենք փոխարինելու, և որ ամենակարևորն է՝ ո՞րն է երաշխիքը, որ եկողները նոր հրեշներ չեն դառնալու: Պատմությանը հայտնի է, որ հեղափոխությունը մտահղանում են տաղանդները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վերջում ղեկին հայտնվում են տականքները: Այս ամենը լիարժեք գիտակցելով՝ մենք մեր ծրագրում նախատեսել ենք դրանք կանխարգելող մեխանիզմները»,- իր խոսքում նշեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Այլընտրանքային ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ հիմնավորելով այլընտրանքային խորհրդարանի ձևավորման կարևորությունը: Ասուլիսի բանախոսներն էին՝ Ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանը, Ընտրական հանձնաժողովի անդամներ Գայանե Ավագյանը և Ժիրայր Սեֆիլյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր