211652_close_icon
views-count2494 դիտում article-date 20:23 04-08-2014

Երևանում հնարավոր է շրջագայել նաև վիրտուալ եղանակով

Անօդաչու ուղղաթիռներից արված համայնապատկերային լուսանկարներով այսուհետ Երևանում ևս հնարավոր կլինի կազմակերպել վիրտուալ շրջագայություն: Գաղափարը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ: Աշխարհի մի շարք քաղաքներում Street view կոչվող այս ծառայությունը հասանելի է Google, Bing, կամ Yandex պորտալների քարտեզային բաժիններում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն այս նախաձեռնությունը կյանքի է կոչել 360yerevan.am ընկերության հետ համատեղ: Երևանի մասին տեղեկություններ պարունակող այս ծառայությունը հասանելի է maps.yerevan.am տարածատեղեկատվական հարթակում, ուր հասցեների որոնման համակարգում կարելի է պարզել, թե քաղաքի որ հատվածում է գտնվում փնտրվող հասցեն: Առկա է նաև վիրտուալ օդային շրջագայության հնարավորությունը կամ «360» կոչվող գործիքը, որին սեղմելով կարելի է տեղեկանալ, թե քարտեզի որ հատվածներում է կատարված այս կամ այն տարածքի `թռչնի թռիչքի բարձրությունից կատարված օդային նկարահանումը: Մեխանիկորեն բացվող պատուհանում երևում է տվյալ վայրը`360 աստիճանով այն պտտելու հնարավորությամբ: Առանձին տեղադրված են նաև փողոցների համայնապատկերները, որոնք արտացոլված են կանաչ եզրագծերով: Ցանկացած հատվածի սեղմելով դարձյալ հասանելի է դառնում վիրտուալ շրջագայությունը՝ տվյալ հատվածով: Այսպիսով, ցանկացած քաղաքացու հնարավորություն է ընձեռվում ոչ թե պարզապես թերթելու քաղաքի լուսանկարները, այլև շրջելու փողոցներում, զննելու շրջակայքը, հանգամանորեն ծանոթանալու տեսարժան վայրերին՝ տարբեր դիտակետերից: Համայնապատկերները հնարավորություն են տալիս տարածածավալային այցելություն կազմակերպելու նաև Երևանի թանգարաններ եւ մշակութային այլ կենտրոններ: Համակարգից օտվելը դյուրին և հարմարավետ դարձնելու համար maps.yerevan.am-ում տեղադրված հասցեների որոնման համակարգում այս պահին առկա են շուրջ 40 000 հասցեների աշխարհագրական կոորդինատներ: Համակարգում արդեն առկա են Լենինգրադյան-Իսակով նոր ավտոճանապարհի համայնապատկերային լուսանկարները: Առաջիկայում նախատեսվում է որոնման համակարգի և հասցեների շտեմարանի պարբերական թարմացում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր