Մահացել է մեր գործընկեր Սամվել Ավագյանը
Այսօր` օգոստոսի 4-ին մահացել է լրագրող, տնտեսական մեկնաբան Սամվել Ավագյանը: Հիշեցենք, որ նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել: Նա անգամ չէր հասցրել ամուսնանալ:
SHAMSHYAN.com-ը ստորեւ ներկայացնում է նրա գրառումը հիվանդության հայտնաբերումից հետո.«Իմ լրագրող և ոչ լրագրող ընկերներ ջան... շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք, անում եք և անելու եք: Այս վերջին օրերին անընդհատ հույսի փոքրիկ պատուհաններ են բացվում, ու դա ինձ պարտավորեցնում է հաղթել անառակ հիվանդությանը, բայց դա կլինի նաև բոլորիդ հաղթանակը: Ասում եմ անառակ, որովհետև անառակի պես աներես ու հարմարվող է, բայց անպարտելի չի իհարկե: Մնում է գտնել հաղթանակին տանող ճիշտ ուղին:
Կարծում եմ՝ մի օր մեզ կհաջողվի համակարգված օգնության ծրագրեր իրականացնել, որովհետև իրականում շատերն են դրա կարիքը զգում, բայց դա ապագայի հարց է: Առողջանալուց հետո դրանով էլ զբաղվելու եմ....»:
SHAMSHYAN.com-ը ցավակցում Սամվելի հարզատներին ու ընկերներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ: