Սաակաշվիլին Կիևում «Վրաստանի ազատագրման շտաբ» է ստեղծել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում Վրաստանի ազատագրման շտաբ է ստեղծել: Շտաբի կազմում ընդգրկվել են Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ, պատգամավորներ Գեորգի Վաշաձեն, Գեորգի Բարամիձեն, Դավիդ Սակվարելիձեն, Գեորգի (Գիվի) Թարգամաձեն, ինչպես նաև Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գեորգի Բոկերիան: Այս մասին հայտնել է «Ալիա» պարբերականը:
Թերթի փոխանցմամբ՝ վերջիններս հաճախակի են շտաբում հանդիպումներ անցկացնում Վրաստանի ներկայիս իշխանությունների կողմից ՆԳՆ-ից հեռացված աշխատակիցների հետ:
Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վիրավորական է համարել վերջերս Թբիլիսի այցելած Ուկրաինայի նախագահի օգնական, ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյի հայտարարությունը, որում նա սպառնալիքներ էր հնչեցրել դատավորի հասցեին իր ընկերոջ՝ Վանո Մերաբիշվիլիի դատավարության ժամանակ: