Հարություն Քուշկյանը հանդիպել է Արցախյան պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած հաշմանդամ ազատամարտիկներին
                        ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Լուսաբաց»  հասարակական կազմակերպության գրասենյակ: Ողջունելով ներկաներին նա պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց` ստանալու որակյալ և մատչելի բուժօգնություն: 
 
«Լուսաբաց» հասարակական կազմակերպության անդամները տեսողական խնդիրներ ունեցողներն են: Նրանց կողմից բարձրացված խնդիրները վերաբերում էին բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներում կազմակերպելու, իրականացված վիրահատությունների դիմաց կատարված վճարների փոխհատուցման հարցերին:
  
Նախարար Քուշկյանը նշել է, որ առողջապահության նախարարությունն այսուհետ առավել ուշադրություն կդարձնի հատկապես առավել կարիքավորներին, իսկ անհրաժեշտության դեպքում կկարգավորվի նաև իրավական դաշտը:
  
Ինչ վերաբերում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու ժամանակ առաջացած հերթերին, նախարարը նշել է, որ նմանատիպ խոչընդոտները կկարգավորվեն հատուկ հրամաններով, որը հնարավորություն կտա օգտվել ծառայություններից արտահերթ:
  
Քննարկվել են նաև պետության կողմից տրվող անվճար դեղերի, մասնավորապես հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և դրանց փոխարինողների հետ կապված բազմաթիվ հարցեր: Նախարարը այս առնչությամբ հավաստիացրել է ներկաներին, որ վերջին շրջանում ԼՂՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերում բացառապես որակյալ դեղորայք, որոնք և հատկացվում են հիվանդներին:
   
Հարցին, որպեսզի ՀՀ-ում պարբերաբար բուժում ստանալու ցուցված հիվանդները յուրաքանչյուր անգամ չդիմեն նախարարություն ուղեգիր ստանալու նպատակով, նախարարը պատասխանեց, որ կվերանայվեն գործող կարգերը և հարցին կտրվի համապատասխան լուծում:
   
Հանդիպման ավարտին նախարար Քուշկյանը հավաստիացրել է, որ առողջապահության նախարարությունը կանգնած է իրենց կողքին և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

