211652_close_icon
views-count1210 դիտում article-date 11:00 22-07-2014

Ջերմ հանդիպում Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի և Երիտասարդական ակումբների դաշնության «Բացե´ք դռները» փոխանակման ծրագրի շրջանակում Եվրոպայի 11 երկրներից Երևանում գտնվող երիտասարդների հետ: Ի դեպ, ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, ինչպես նաև օգնել Եվրոպայի տարբեր անկյուններից հրավիրված երիտասարդ առաջնորդներին`օգտագործելով PR գործիքներ և տեխնոլոգիաներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով երիտասարդներին Երևանում և Երևանի քաղաքապետարանում՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նախ համառոտ ներկայացրել է 2796-ամյա մայրաքաղաքի պատմությունը, ապա խոսել երևանյան մշակութային կյանքից: Այնուհետ, պատասխանելով մասնակիցների քաղաքային ծրագրերում երիտասարդների ներգրավվածությանը վերաբերող հարցերին, քաղաքապետի տեղակալը ներկայացրել է քաղաքապետարանի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը, այդ թվում՝ քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աշխատանքները: «Երևանի քաղաքապետն առանձնահատուկ կարևորում է քաղաքային տարբեր ծրագրերում երիտասարդների մասնակցությունը: Եվ պատահական չէ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ համագործակցում է երիտասարդական տասնյակ կազմակերպությունների հետ: Երիտասարդների նոր գաղափարներն, անուշտ, օգնում են նաև առավել արդյունավետ դարձնել որոշ ուղղություններով մեր աշխատանքները»,-նշել է Արամ Սուքիասյանն ու երիտասարդներին առաջարկել իրենց հերթին մասնակցել Երևանի բրենդի սստեղծման աշխատանքներին և ներկայացնել առաջարկներ: Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը մանրամասն ներկայացրել է այս ուղղությամբ կատարված աշխատանքն ու առաջիկա անելիքները: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ մշտապես համագործակցել երիտասարդական կառույցների հետ: Հանդիպումից հետո ծրագրի մասնակիցներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով և առավել մանրամասն ծանոթացել մայրաքաղաքի պատմությանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման, ինչպես նաև հետաքրքիր էքսկուրսի համար՝ երիտասարդները նշել են, որ հետագայում ևս, արդեն որպես զբոսաշրջիկ, անպայման այցելելու են Երևան: Նշենք, որ հուլիսի 21-ից մեկնարկած ծրագիրը կշարունակվի մինչև հուլիսի 27-ը: Այդ ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան շրջել մայրաքաղաքում և այցելել տեսարժան վայրեր:

Նմանատիպ նյութեր