211652_close_icon
views-count1309 դիտում article-date 11:12 19-07-2014

«Բազեում» մասնակիցներն են մթնոլորտ ստեղծում՝ դառնալով իրավիճակի տերը

Այս օրերին ընթանում են «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների ձևավորման աշխատանքները։ Ջոկատները հանդես են գալիս ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում։ Ինչպես տեղեկացրեց նարնջագույն ճակատի ղեկավար Էդուարդ Ավետիսյանը, հուլիսի 14-ին տեղի ունեցավ Արցախի ջոկատի անդամների ընտրությունը, իսկ հուլիսի 18-ին կազմավորվեց Արարատի ջոկատը։ Արարատի մարզը հավաքի երգի մրցույթում ներկայացնելու է Արթուր Մխիթարյանը։ Արթուրը 23 տարեկան է։ Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։ Մասնակցել է մրցույթների (այդ թվում՝ միջազգային), արժանացել մրցանակների։ «Բազե» գալիս է՝ երգի մրցույթում հաղթելու և իր ջոկատին միավորներ բերելու համար։ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի գեղարվեստական ղեկավար Էմին Թորոսյանը նշում է, որ երիտասարդական այս հավաքն իր մշակութային և մարզական միջոցառումներով նպաստում է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի երիտասարդների շփմանը, նրանց միջև բարեկամական և գործընկերային փոխհարաբերությունների ստեղծմանն ու 7 օրերի ընթացքում հետաքրքրությամբ լցնում նրանց օրը։ «Բազեում» մշակութային մրցույթներն են՝ երգ, պար, նորաձևություն, նկարչություն։ Հավաքի գեղարվեստական ղեկավարն ընդգծում է, որ 45 ջոկատները համապատասխան մրցույթների հիման վրա են ձևավորվել, և հենց մասնակիցներն են, որ ստեղծում են հավաքի մշակութային ու գեղագիտական մթնոլորտը։ «Հավաքում մասնակիցներն են այդ մթնոլորտի ստեղծողները՝ դառնալով իրավիճակի տերը։ Վաստակաշատ ժյուրիի անդամներն ամենօրյա աշխատանքով, շփումներով, խորհուրդներով լրացնում են երիտասարդների գիտելիքները, մասնագիտական բացն ու օգնում ավելի լավ հանդես գալ»,- ասում է Էմին Թորոսյանը։ Հավաքում հաճախ են լինում դեպքեր, որ միմյանց հետ մրցում են տվյալ ոլորտում պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ մասնակիցները։ Ինչպե՞ս է համադրվում նրանց մասնակցությունը։ Էմին Թորոսյանը նշում է, որ հավաքում մասնակիցները չեն տարանջատվում ըստ իրենց պրոֆեսիոնալության մակարդակի։ Յուրաքանչյուր մրցույթ ունի չափման իր համակարգը, և երիտասարդները գնահատվում են ըստ այդ համակարգի։ «Թե հիմա որ ջոկատն իր համար ինչպիսի թիմ կձևավորի, ինչպիսի մասնակիցներ կներկայացնի՝ պրոֆեսիոնալների, թե սիրողների, մենք՝ որպես կազմակերպիչներ կամ ժյուրիի անդամներ, խնդիր չենք դնում։ Կներկայանան գերազանց, լավ կամ բավարար, կստանան համապատասխան գնահատական։ Խնդիրը մրցույթների ճիշտ իրականացումն է՝ երիտասարդների շփումը լավ ու բովանդակալի կազմակերպելու նպատակով»,- ասում է հավաքի գեղարվեստական ղեկավարը։ Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։ Կմասնակցի շուրջ 500 երիտասարդ։ Հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր