Կապանում անցկացվել են INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքներ
Հուլիսի 2-3-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի է ունեցել Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմի INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքը:
Վարժանքին մասնակցել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության 47 փրկարար ծառայողներից կազմված թիմը: Այն ստեղծվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում: Թիմին տրամադրվել է INSARAG-ի որակավորում ստանալու համար անհրաժեշտ գույք, կազմակերպվել են համապատասխան դասընթացներ:
Վարժանքի ընդհանուր տևողությունը կազմել է 36 ժամ, որի ամբողջ ընթացքում տարվել են անընդհատ որոնողափրկարարական աշխատանքներ:
Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կողմից, որպես դիտորդ, մասնակցել են «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի համակարգող Անտոն Բիլանգը և նույն ծրագրի փորձագետ Կոէնիգ Մարտիալը: Ուսումնավարժությունը ղեկավարել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ.Եմիշյանը:
Վարժանքին ներկա են գտնվել նաև ՀՀ Սյունիքի փոխմարզպետը և Կապանի քաղաքապետը: