211652_close_icon
views-count2527 դիտում article-date 21:53 26-06-2014

Թմրաբիզնեսը սոցիալական և միջազգային չարիք է

Թմրամոլությունը սոցիալական չարիք է: Այն քայքայում է ոչ միայն մարդու առողջությունը, այլև ընտանիքը և մարդկային հարաբերությունները: Այն ծուլացնում ու բթացնում է մարդուն, ինչն ուղղակի անդրադառնում է սոցիալական հարաբերություների վրա: Եթե Ձեր հարևանը թմրամոլ է, ապա նա շատ հաճախ է անհանգստացնելու Ձեզ, ինչպես նաև, նրա պատճառով կարող եք ակամա հայտնվել թմրամոլների շրջապատում: Թմրամոլը հաճախ է հուսահատվում: Դա տեղի է ունենում թմրանյութի ազդեցության տակ կամ թմրանյութի բացակայության ժամանակ: Հուսահատության մեջ ընկած մարդը երբեմն կորցնում է մարդկային դեմքը, կատարում կրթված մարդուն անվայել արարք, ընդհուպ՝ հանցագործություն: Թմրամոլը հանցագործություն է կատարում կամ թմրանյութի ազդեցության տակ, կամ թմրանյութ ձեռք բերելու համար: Այդպիսով, թմրամոլությունը հանցագործության ծնողներից է, և նաև այդ պատճառով է թմրամոլությունը համարվում սոցիալական չարիք: Թմրանյութը շատ թանկ ապրանք է: Թմրամոլ ունեցող ընտանիքը մշտապես ֆինանսական ճգնաժամի մեջ է, որովհետև թմրամոլը շատ է ծախսում, բայց քիչ է աշխատում ու քիչ է վաստակում: Այդպես թմրամոլի ընտանիքը որոշ ժամանակ անց ընկնում է անվերջ, անմարելի պարտքերի շրջանակի մեջ: Նաև այդ պատճառով է թմրամոլությունը համարվում սոցիալական չարիք: Թմրաբիզնեսը համարվում է ամենաեկամտաբեր բիզնեսը: Դրանով զբաղվում են հանցագործ խմբավորումները կամ հատուկ ծառայությունները, կամ երկուսն իրար հետ միասին: Եթե մարդը հանցագործ կամ հատուկ ծառայությունից չէ, ապա պարզապես չի կարող կազմակերպել այդ բիզնեսը: Թմրամոլների մեծ մասը վճարունակ չէ, և այդ գործով զբաղվելու ռիսկը շատ մեծ է: Վերջին տասնամյակներում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը միջազգային համագործակցության հարթակ է: Միջպետական հարաբերություններում կողմերը կարևորում են համատեղ պայքարը թմրաշրջանառության դեմ, այսինքն՝ թմրանյութերի մի երկրից մյուսը տեղափոխելու հարցերը: Մյուս կողմից այն նաև միջազգային քննադատության թիրախ է: Եթե ուզում են որևէ երկրի մասին վատ բաներ ասել, ապա մեղադրում են ապրօինի թմրաշրջանառության, թմրանյութերի տարանցման, թմրաբիզնեսին աջակցելու մեջ: Թմրանյութը դեր է ունեցել նաև պատմության մեջ: Եվրոպացիները Չինաստանը նվաճել են թմրանյութի օգնությամբ: Չինական արքայական ընտանիքի երիտասարդ անդամները, ովքեր ի դեպ ծանոթ էին թեթև թմրանյութերին, եվրոպացիների կողմից հյուրասիրվում են ափիոնով, ընկնում խիստ կախվածության մեջ, ստորագրում պարտվողական պայմանագրեր, որոնց արդյունքում ի վերջո Չինաստանը զրկվում է անկախությունից: Աֆղանստանի ժողովրդավարացման դեմ պայքարողները նույնպես ունեն խորը հետաքրքրություն թմրաբիզնեսի նկատմամբ: Նրանք հասկանում են, որ ժողովրդավարական երկրում քաղաքացիական հասարակությունը պարզապես չի թույլատրելու անարգել զբաղվել թմրաբիզնեսով: Այնպես որ, թմրանյութը ոչ միայն սոցիալական, այլև միջազգային չարիք է, պատերազմների և համամարդկային ողբերգությունների պատճառ: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր