211652_close_icon
views-count914 դիտում article-date 13:47 26-06-2014

Հայաստանը կշարունակի օժանդակել Աֆղանստանում անվտանգության հաստատման միջազգային ջանքերին. Էդվարդ Նալբանդյան

Հունիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։ Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Աֆղանստանում ի հայտ եկած հետընտրական բարդությունները հնարավոր կլինի հաղթահարել կառուցողական, կողմերի համար ընդունելի եղանակով՝ ճանապարհ հարթելով երկրում կայունության հաստատման և անվտանգության ապահովման համար։ Նախարար Նալբանդյանն իր խոսքում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

Նմանատիպ նյութեր