211652_close_icon
views-count718 դիտում article-date 18:00 24-06-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մագնուս Կարլսենին

Հունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի գործող չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կարլսենին և աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանին: Ողջունելով շախմատիստների այցը` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ աշխարհի գործող չեմպիոնի ժամանումը Հայաստան մեծ խանդավառություն պիտի պարգևի շախմատի սիրահարներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ դեռևս վաղ միջնադարից Հայաստանում հայտնի շախամատը, այսօր ևս լայնորեն տարածված է երկրում և ծրագրային առարկա լինելով հանրակրթական դպրոցներում` նպաստում է երեխաների մտքի զարգացմանը: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ Մայր Աթոռի թանգարանում են պահվում Տիգրան Պետրոսյանի թագն ու թիկնոցը, որոնք աշխարհի չեմպիոնը ժամանակին ընծայաբերել է երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսին: Մագնուս Կարլսենը և Լևոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վեհափառ Հայրապետին ներկայացրին Տաթևի վանք կատարած այցելության իրենց տպավորությունները: Երեկ Տաթևում նրանք առիթ են ունեցել խաղալու հոգևորականների, ինչպես նաև Հալիձորի ու Տաթև համայնքների երեխաների հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, պատմության ընթացքում կրած դժվարություններին և ներկայիս նրա հոգևոր առաքելության արդյունավորմանն ուղղված գործունեությանը: Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց շախմատիստներին` մաղթելով նորանոր հաղթանակներ և հորդորելով բարի օրինակ փոխանցել, որ մրցույթը կարող է լինել ի նպաստ խաղաղության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և համերաշխ գոյակցության:

Նմանատիպ նյութեր