720 դիտում
21:39 24-06-2014
Գառնիի դիտարանը վերազինվում է
Հունիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում հրավիրվել էր մամուլի ասուլիս` ներկայացնելու Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում օրերս հաջողությամբ տեղադրված նորագույն թվային թեքաչափ սարքի գործարկման առաջին արդյունքները:
ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում չեխական կողմն աջակցում է ԱԻ նախարարությանը դիտարանի վերագործարկման և վերազինման գործում:
Չեխիայի գիտությունների ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատող դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը` ՍՊԾ մասնագետների օգնությամբ օրերս դիտարանի թունելի սենյակներից մեկում, հնի փոխարեն նոր գերզգագույն թվային թեքաչափ են տեղադրել, որի միջոցով կչափվեն երկրակեղևի դեֆորմացիաները՝ որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի նախապատրաստման ուղղակի նախանշան: Թեքաչափն արդեն լիարժեք գործում է, տվյալները ստացվում են իրական ժամանակում:
Ասուլիսի ընթացքում դոկտոր Պավել Կալենդան ներկայացրեց թեքաչափի աշխատանքի առանձնահատկությունները, սարքի հնարավորություններն ու ստացված առաջին չափումների արդյունքները.
- Սա աշխարհում գործող նման սարքերի մեջ, նաև դիտացանցերի համաշխարհային համակարգում, լավագույններից է, որը ցույց է տալիս երկրակեղևի հորիզոնական դեֆորմացիաները: Սարքի տեղադրման համար ընտրվել է դիտարանի թունելի այն հատվածը, որն առավել մոտ է Գառնու սեյսմածին խզվածքին, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ տվյալներ ստանալ` նույնիսկ ամենաաննշան փոփոխությունների վերաբերյալ:
ԱԻՆ ՍՊԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն իր խոսքում ասաց, որ աշխարհում դեռևս չկա երկրաշարժերի կանխատեսման խնդրին ընդհանուր լուծում տվող մի բանաձև, սակայն երկրակեղևի դեֆորմացիաների, ինչպես նաև ֆիզիկական, քիմիական, հիդրոերկրաբանական և այլ պարամետրերի մոնիթորինգը և ուսումնասիրումը մոտեցնում են մեզ ուժեղ երկրաշարժերի կանխատեսման կարևորագույն հիմնախնդրի լուծմանը:
Գառնիի դիտարանի տնօրեն Լիոն Հախվերդյանը նշեց, որ երկրակեղևի թեքությունների չափումներով Հայաստանում զբաղվել են դեռևս 1983 թվականից: Այն ժամանակ մեր երկրում տեղադրված խորհրդային արտադրության թեքաչափը ևս համարվում էր լավագույններից մեկը, որը գործել է մինչև 1994 թվականը:
Նորագույն թեքաչափի տեղադրումն ԱԻ նախարարության և Չեխիայի գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության միայն սկիզբն է: Նախատեսվում են նոր երկկողմ և բազմակողմ եվրոպական ծրագրեր, փորձի փոխանակում, երիտասարդ մասնագետների վերապատրաստում և այլն:
Նմանատիպ նյութեր
1160 դիտում
14:45 26-06-2014
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը հանձնվել է ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ ՊՈԱԿ-ին
6597 դիտում
19:10 05-09-2021
Գառնիի համայնքապետարանը դեմ է եղել Գառնիի տաճարի տարածքում միջոցառման անցկացմանը
Այս բաժնից
1096 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1396 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ