211652_close_icon
views-count1039 դիտում article-date 14:02 18-06-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը 2-օրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, որտեղ մի շարք հանդիպումներ է ունենալու Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է NewsGeorgia գործակալությունը: Հայկական պատվիրակության օդանավը Թբիլիսիի օդանավակայում վայրէջք է կատարել տեղի ժամանակով ժամը 13:00-ին: ՀՀ նախագահին և նրան ուղեկցող պաշտոնյաներին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Իրինա Իմերլիշվիլին: Թբիլիսիի Ավլաբարի նախագահական նստավայրում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման հանդիսավոր արարողությունը, իսկ տետ-առ-տետ հանդիպումից հետո երկու երկրների նախագահները մամլո ասուլիսում համատեղ հայտարարություն կանեն: Մամլո ասուլիսից հետո Սերժ Սարգսյանն ու Գեորգի Մարգվելաշվիլին ծաղկեպսակ կդնեն Հերոսների հրապարակում տեղադրված հուշարձանին: Նույն օրը երեկոյան Հայաստանի նախագահը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Նախագահը ներկա կգտնվի նաև Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված գալահամերգին: Հունիսի 19-ին Ս. Սարգսյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ նախագահը կայցելի Կախեթի, ինչից հետո կվերադառնա Հայաստան:

Նմանատիպ նյութեր