211652_close_icon
views-count961 դիտում article-date 21:18 12-06-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցեց Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցեց Ռուսաստանի Ազգային տոնի` Ռուսաստանի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը: ԱԺ նախագահը շնորհավորեց Ռուսաստանի օրվա կապակցությամբ: «Հարգարժան պարոն դեսպան, շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ռուսաստանի հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է: Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության ընդլայնումը բոլոր բնագավառներում, այդ թվում? խորհրդարանական ձեւաչափով, ինչը կանոնավոր կերպով զարգանում է? հիմնված լինելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Այս տարվա հուլիս ամսին տեղի կունենա իմ պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը եւ խորացմանը առնչվող հարցեր: Հուսով եմ, որ այս տարին եւս հագեցած կլինի հանդիպումներով եւ փոխայցելություններով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կհանդիսանան մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման քաղաքականության շարունակությունը: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը միտված է նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, պաշտպանության եւ ռազմատեխնիկական, ինչպես նաեւ արդյունաբերության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը: Մեր երկու երկրների համագործակցության զարգացմանը եւ ընդլայնմանը մեծապես նպաստում է նաեւ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Հանձնաժողովի 24-րդ վերջին նիստը կայացել է անցյալ շաբաթ Նիժնի Նովգորոդում: Օրակարգում ընդգրկված էին Հայաստանում եւ Ռուսաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործընթացում մեր դեսպանությունների ակտիվ ներգրավվածությունը մեծապես կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: Պարոն դեսպան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ձեզ եւ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն եւ բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր