211652_close_icon
views-count1039 դիտում article-date 19:18 09-06-2014

Դասընթաց՝ նվիրված բանտային հոգևոր ծառայությանը

Հունիսի 2-6-ը Մեծ Բրիտանիայի Կարդիֆֆ քաղաքում, «Սուրբ Միքայելի» ճեմարանում տեղի ունեցավ դասընթաց՝ նվիրված բանտային հոգևոր ծառայությանը: Դասընթացին մասնակցում էին Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան, Բողոքական Եկեղեցիները ներկայացնող հոգևորականներ տարբեր երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի պատասխանատու Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: Քառօրյա դասընթացի ընթացքում զեկույցներով հանդես եկան Անգլիկան Եկեղեցու բանտային հոգևոր սպասավորները՝ ներկայացնելով բանտային հոգևոր ծառայությունը Մեծ Բրիտանիայում, այս ոլորտում եկեղեցի-պետություն հարաբերությունները, ինչպես նաև անդրադառնալով հոգևոր ծառայության առջև ծառացած մարտահրավերներին: Դասընթացի մասնակիցներն այցելեցին տարբեր քրեակատարողական հիմնարկներ, հանդիպումներ ունեցան բանտարկյալների և բանտերի վարչակազմի հետ: Յուրաքանչյուր հոգևորական ներկայացրեց նաև իր երկրի բանտային հոգևոր ծառայության առանձնահատկությունները և արձանագրված ձեռքբերումները, քննարկվեցին հետագա համագործակցության ուղիները:

Նմանատիպ նյութեր