26640 դիտում
10:10 09-06-2014
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կրտսեր եղբայրը տեղում մահացել է, մեծը հիվանդանոցում է, իսկ քննիչն ու իր պետը հապշտապ հեռացել են դեպքի վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Արզական ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, և մեքենայում կա մահացած քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում աշխատում է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Իսկանդարյանը:
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 05:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ, 24-ամյա Վահան Պողոսյանը, վարելով Peugeot մակնիշի 22 UU 826 համարանիշի ավտոմեքենան, նշված ճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և, մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Վ . Պողոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ նույն թաղամասի բնակիչ, 27-ամյա Մկրտիչ Պողոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:
Ի դեպ, եղել են դեպքեր, երբ նման բնույթի վթարներ են տեղի ունեցել ու դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը ցուցաբերել է բարձր պրոֆեսիոնալիզմ, տեղում աշխատանքները կատարել են մանրակրկիտ: Իսկ այսօր դեպքի վայրում աշխատող քննիչ Ա. Իսկանդարյանն ու իր պետը՝ Արման Զարգարյանը, չգիտես ինչու, չեն էլ փորձել ավտոմեքենայի մեջ ստուգել, որպեսզի համոզվեն՝ ավտոմեքենայում կա՞ն վարորդի անձը հաստատող փաստաթուղթ և այլ կարևոր իրեր: Նրանք հապշտապ իրենց «շիլաշփոթ» գործը անելուց հետո հեռացել են դեպքի վայրից: Մինչդեռ ՃՈ աշխատակիցներն ու փրկարարները ավտոմեքենայում հայտնաբերեցին մահացածի վարորդական իրավունքի վկայականը, եղբոր փաստաթղթերը, բջջային հեռախոսն ու այլ իրեր:
Հիշեցնենք, որ հանրապետությունում եղել են դեպքեր, երբ դեպքի վայրում քաղաքացիները «թռցրել են» մահացածի դրամապանակը, բջջային հեռախոսը և այլ իրեր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+