Լոռու մարզի «Սատանի կամրջի» մոտ «Զիլը» բախվել է «Ֆորդին», որը 200 մետր գահավիժել է անդունդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ հունիսի 8-ին,  ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում «Զիլ»  մակնիշի 10 ՍՍ 124 համարանիշի վարորդ 35-ամյա  Էդգար Կիրակոսյանը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ-Շահալի երկաթգծի կայարանների հատվածում,  հայտնի «Սատանի կամրջի»   մոտ,   բախվել է կայանված վիճակում գտնվող 35-ամյա Դավիթ Մինասյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 09 ՏԼ 228 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բախման հետևանքով «Ֆորդը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր բարձրությունից գահավիժել անդունդը,  հայտնվելով գնացքի գծերի վրա:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի  աշխատակիցները,  ինչպես նաև երկաթգծի ծառայողները:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի թիվ 39-ը հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Լուսնկարները՝ էդվարդ Արզումանյանի
                                            
                    
                                            
                        
            

