Նախաաղբարկղային դարի բարքերի գերի
Կաթոլիկ եկեղեցին մահացու մեղքերի շարքին ավելացրել է շրջակա միջավայրի աղտոտումը: Իսկ Բութանի թագավորը երջանկության չորս նախապայմաներից մեկը համարել է բնապահպանությունը: Այս փոփոխությունները վկայում են, որ շրջակա միջավայրի մարքրությունը վաղուց դարձել է մշակութային-քաղաքակրթական արժեք:
Շրջական միջավայրի մաքրությունը սոսկ բնապահպանության հարց չէ: Դեռ մանկությունից մարդուն սովորեցնում են, թե որտեղ կարելի է աղբ թափել: Այդպես ձևավորվում է աղբ թափելու սովորությունը: Հոգեբանները նկատել են, որ մարդկանց մեծ մասը աղբը թափում են այնտեղ, որտեղ արդեն կա աղբ: Այսինքն, եթե մարդը նկատում է, որ աղբ կա թափված, ապա ենթադրում է, որ դա այն տեղն է, որտեղ կարելի է թափել:
Գյուղական բնակավայրերում ավելի լավ է կազմակերպված շրջակա միջավայրի մաքրության խնդիրը: Գյուղում մարդու մասին կարծիք կազմելիս հաշվի են առնում, թե նա ինչպես է կարողանում կազմակերպել իր տան, բակի փողոցի մաքրությունը: Գյուղում մաքրության խնդիրը դրված է կանանց վրա: Գյուղում կանայք խոնարհ են: Այդ պատճառով գյուղում լավ է կազմակերպվում շրջակա միջավայրի մաքրության գործը:
Քաղաքում շրջակա միջավայրի մաքրության գործը կազմակերպում է քաղաքապետարանը: Փողոցները մաքրելու համար վարձվում են փողոց ավլողներ, ովքեր վաղ առավոտյան մեծ ավելներով մաքրում են փողոցները: Իսկ մայթերը մաքրելու պատասխանատվությունը դրված է փողոցամերձ խանութների, սրճարանների, գրասենյակների, մի խոսքով՝ օբյեկտների աշխատողների վրա:
Եթե մայթի ինչ-որ հատվածում օբյեկտ չկա, ապա այդ հատվածը չի մաքրվում ու վերածվում է աղբանոցի: Անցորդը տեսնելով, որ մայթին աղբ կա թափված, իր ձեռքի աղբը նետում է արդեն թափված աղբի կողքին: Այդպես առաջացել է մայթին աղբ թափելու սովորությունը:
Սովորություն է նաև մայթին փորված փոսում աղբ թափելը: Օրինակ. եթե մայթին փորվում է ջրագիծ անցկացնելու փոս, ապա այն կարճ ժամանակում դառնում է աղբանոց: Նախ քամին թեթև աղբը քշում ու լցնում է այդ փոսի մեջ: Անցորդն էլ տեսնում է, որ փոսի մեջ աղբ է, իր ձեռքի աղբը նետում է այդ փոսը: Այդ սովորությունը նախաաղբարկղային ժամանակներից է գալիս:
Առաջ, երբ քաղաքում աղբարկղեր չեն եղել, մարդիկ փոսեր են փորել, որտեղ թափել են աղբը: Այդ սովորությունը մնացել է գենետիկ հիշողության մեջ: Եվ երբ փորված փոս է տեսնում, կարծում է, թե դա աղբի համար փորված փոս է, որտեղ կարելի է կեղտոտել: Իսկ եթե այդ փոսում արդեն կա աղբ թափված, ապա փոսում աղբ թափելու սովորությանը գումարվում է աղբի վրա աղբ թափելու սովորությունը, և մարդն ակամա աղբը թափում է ջրագիծ անցկացնելու համար մայթին փորված փոսում:
Այսպես կշարունակվի այնքան, քանի դեռ կրթական-դաստիարակչական հայեցակարգում շրջակա միջավայրը մաքրելը համարվում է թուլության, իսկ աղբ թափելը, կեղտոտելը հզորության արտահայտություն: Քաղաքակրթական ընտրության հարց է. առաջնորդվել ճշմարիտ ու ժամանակակից բարքերով, և դրանք դրաձնել սովորույթ, թե մնալ նախաաղբարկղային դարի բարքերի գերի:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
[/b]