211652_close_icon
views-count1026 դիտում article-date 14:55 06-06-2014

Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Անգլիկան Եկեղեցու ուխտավորներին

Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու մի խումբ ուխտավորների` ուղեկցությամբ Ուելսի Սվենսի և Բրեքոնի թեմի առաջնորդանիստ տաճարի լուսարարապետ Հայր Ջեոֆրի Մարշալի և Հայաստանում Քենթրբերիի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ քահանա Ջոն Բարքերի: Հանդիպմանը Հայր Մարշալը, Նորին Սրբությանը ներկայացնելով Ուելսից ժամանած ուխտավորներին և նրանց հոգևոր կյանքը, ուրախություն հայտնեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հովվապետի օրհնությանն արժանանալու համար: Ապա ուխտավորներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը կարևոր նկատեց Քրիստոնեական այլ Եկեղեցիների ուխտավորների նման այցերը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն, որոնց արդյունքում նրանք հաղորդ են դառնում հայ ժողովրդի անցյալին ու ներկային, ճանաչում նրա նվիրական սրբություններն ու հոգևոր արժեքները: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի անցած պատմական ուղուն և հատկապես 20-րդ դարում կրած դժվարություններին: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ուելսի ժողովրդին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար` ընդգծելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նման ողբերգությունների կրկնումը մարդկության կյանքում: Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մեծ Բրիտանիայում հայոց թեմի գործունեության և կրթական ոլորտում Հայ և Անգլիկան Եկեղեցիների գործակցության մասին: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Նմանատիպ նյութեր