211652_close_icon
views-count1298 դիտում article-date 15:54 31-05-2014

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են զառանցել. ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվության տարածումը: Այս անգամ ադրբեջանական «ապա.ազ»-ի քարոզիչները, վկայակոչելով «ռազմական աղբյուրներ», գրում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի պաշտոնը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող այս տեղեկատվությունը վերածվում է զավեշտի` հայ սպայի «փոխգնդապետ» զինվորական կոչումը ադրբեջանական քարոզիչները նշում են որպես «գնդապետ-լեյտենանտ»: Վերոնշյալ ապատեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի նաև այն առումով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությունը, որտեղ տեղակայված մարտական հենակետում մայիսի 25-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը, վերահսկվում է ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից, իսկ ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները տեղակայված են բոլորովին այլ հատվածում և պատասխանատվություն են կրում այլ ուղղության անվտանգության ապահովման համար: Կարծում ենք, որ ադրբեջանական քարոզիչների «ռազմական աղբյուրները», թերևս, պատկերացում ունեն ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի պատասխանատվության գոտու սահմանների վերաբերյալ, և զավեշտալի է, որ փորձ է արվում սեփական գործելաոճը, այն է` արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելն ու փաստերը խեղաթյուրելը, վերագրել հայկական կողմին: ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: Կոչ ենք անում տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց:

Նմանատիպ նյութեր