211652_close_icon
views-count1087 դիտում article-date 18:38 29-05-2014

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարզաբանումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վերաբերյալ

10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր: Դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Նույն օրը զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ: 10.05.2014 որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են մատնադրոշմային, դատաձգաբանական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ: 14.05.2014 թվականին Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը, քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել է: Վերջինիս բացատրվել են օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ինչպես մարտական հենակետի բոլոր զինծառայողներն, այնպես էլ զորամասի մի շարք սպաներ և այլ զինծառայողներ, Ն.Կարապետյանի մայրը և դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք: Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել վկաների տրված ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը: Նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդին պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում նախաքննության ընթացքի մասին: Քրեական գործինախաքննությունը շարունակվում է: [i]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ [/i]

Նմանատիպ նյութեր