211652_close_icon
views-count1376 դիտում article-date 20:24 27-05-2014

Պահանջվեցին նոր մոտեցումներ. Արմեն Մուրադյան

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախ անդրադարձ կատարվեց նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Դրանց մի զգալի մասը վերաբերում էր Գյումրիում բժշկական ծառայությունների տեղաբաշխման սկզբունքների, առկա խնդիրների վերլուծության հիման առողջացման ծրագրի մշակմանը։ Նախարարին զեկուցվեց, որ աշխատանքային խումբն աշխատում է և առողջացման ծրագիրը կներկայացնի մեկ ամիս հետո։ Արմեն Մուրադյանը շեշտեց, որ օրախնդիր է բժշկական ծառայությունների որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովումը։ «Բուժհիմնարկների վերելակների առկայությունից ու սարքին վիճակից սկսած մինչև անհրաժեշտ մասնագետներով ու նյութատեխնիկական ապահովվածություն, մինչև շտապբուժօգնության կազմակերպում, նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական ծառայությունների անսխալ կազմակերպում։ Այն ամենն, ինչով պայմանավորված է հիվանդի կյանքին ու անվտանգությանը` խստագույնս վերահսկվելու է։ Իսկ պատասխանատվությունը կրելու են բուժհիմնարկների ղեկավարները»,-ասաց նախարարը։ Այս ենթատեքստում կարևորելով նաև մասնագետներով ապահովվածությունը` նախարարը մարզպետարանների առողջապահության վարչության ղեկավարներին երկու շաբաթ ժամանակ տվեց ներկայացնելու, թե մարզային բժշկական կազմակերպությունները նյութատեխնիկական և կադրային ինչ հագեցվածություն և ինչ կարիքներ ունեն։ «Սպիտակի բժշկական կենտրոնում միայն մեկ անեսթեզիոլոգ է աշխատում։ Իսկ ինչպես պետք է վարվեն, եթե միաժամանակ անհետաձելի վիրաբուժական միջամտություն կատարելու անհրաժեշտություն լինի կամ, ասենք, մասնագետը հիվանդանա։ Պատահական չէ, որ հիվանդանոցներ այցելելիս առաջին հերթին ծանոթանում եմ վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքների նյութատեխնիկական հագեցվածությանն ու մասնագետներով ապահովվածությանը։ Դժվար է համաձայնվել այն մտքի հետ, որ մասնագետները մարզերում չեն ցանկանում աշխատել։ Մարզային մի շարք հիվանդանոցներում մենք արհեստավարժ շատ մասնագետներ ունենք։ Նշանակում է, ամենուր չեն հրապուրիչ պայմաններ առաջարկվում։ Սա բոլորիս խնդիրն է և պետք է միասին լուծումներ գտնենք։ Մենք կփորձենք ԵՊԲՀ շրջանավարտներին ու ռեզիդենտներին ուղղորդել մարզերի լավագույն մասնագետների մոտ հմտություններ ձեռք բերելու, իսկ մարզերը հրապուրիչ պայմաններ առաջարկեն։ Խնդիր է նաև անեսթեզոլոգների, այլ նեղ մասնգետների անհամաչափ բաշխվածությունը միևնույն մարզում»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Նա տեղեկացրեց, որ մայրաքաղաքի անեսթեզիոլոգների հետ կքննարկվի մարզերում անեսթեզիոլոգիական ծառայության պատշաճ ապահովման խնդիրը և լուծման ճանապարհներ գտնել։ «ՄԵծ է բնակչության դժգոհությունը մեր ծառայություններից։ Ամենաորակյալ բուժումը կարելի է իրականացնել, և անկախ հիվանդանոցի նյութատեխնիկական ու կադրային հագեցվածությունից, հիվանդը դժգոհ լինի վերաբերմունքից։ Առողջապահության ողջ համակարգում այսօր բոլորից պահանջվում է բժշկական ծառայությունների որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովում, արհեստավարժություն, պատրաստակամություն և բարեհամուրություն, ծառայությունների հասանելիություն»,-ամփոփելով խորհրդակցությունը` ասաց նախարարը։ Նախարարության ստորաբաժանումներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Նմանատիպ նյութեր