Գյումրիի և Կրակովի միջև համագործակցությունն անդլայնվում է
Լեհական կողմի հրավերով աշխատանքային այցով Կրակովում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով երեկ հանդիպեց Կրակովի քաղաքապետ Յացեկ Մախրովսկու հետ: Հանդիպման ընթացքում Յացեկ Մախրովսկին ողջունեց Սամվել Բալասանյանին և ներկայացրեց իրենց քաղաքի պատմությունը, ներկա վիճակը, ինչպես նաև հայտնեց տեղեկություններ Կրակովի հայ համայնքի գործունեության մասին:
Պատասխան խոսքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց իր լեհ գործընկերոջը ընդունելության և երկու քաղաքների միջև հարաբերությունների խորացման պատրաստակամության համար, ինչպես նաև ներկայացրեց Գյումրի քաղաքի պատմությունն ու սոցիալ-տնտեսական ներկա վիճակը:
Այնուհետև կողմերը քննարկեցին զբոսաշրջության, սպորտի, մշակույթի, քաղաքաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հրավիրեց Յացեկ Մախրովսկուն իրեն հարմար ժամանակ այցելել Գյումրի, ինչը և ընդունվեց Կրակովի քաղաքապետի կողմից:
Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են այլ հանդիպումներ ևս: