211652_close_icon
views-count1050 դիտում article-date 19:19 20-05-2014

ՀՀ Դատական դեպարտամենտի պարզաբանումը՝ ՄԻՊ-ի որոշման առնչությամբ

Հաշվի առնելով հանրության՝ օբյեկտիվ, անաչառ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` հայտնում ենք. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» որոշում, որը փորձ է արվել հանրությանը մատուցել «սկանդալային» վերնագրով: Անտեսելով ամեն գնով ընթերցող ձեռք բերելու` դեղին մամուլին հարիր ՄԻՊ-ի գործելակերպը` հարկ ենք համարում հանրության սեփականությունը դարձնել գործի հիմքում դրված այն օբյեկտիվ հանգամանքերը, որոնց, ըստ էության, ՄԻՊ-ը չի ցանկացել անդրադառնալ: Մասնավորապես, մինչ վերոնշյալ որոշման հրապարակումը, ՄԻՊ-ի կողմից այն ուղարկվել է նաև ՀՀ դատական դեպարտամենտ, որի վերաբերյալ Դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի գրությամբ կրկին անգամ հանգամանալից տրվել է սպառիչ պարզաբանում: Նկատի ունենալով այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ սույն խնդրի շուրջ կատարված հրապարակային գործողություններում տեղ չեն գտել Դեպարտամենտի ղեկավարի պարզաբանումները, ինչն էլ հանրության շրջանում կարող է առաջացնել թյուր պատկերացում, ստորև ներկայացնում ենք պարզաբանող գրությունն ամբողջությամբ: «Հարգելի պարոն Անդրեասյան, Ձեր 25.04.2014թ. թիվ 01/14.2/1636-14 և 01/09/1637-14 գրություններին կից ուղարկված` «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» 23.04.2014թ. որոշումներում տեղ գտած փաստական հանգամանքներին և ներկայացված իրավական նորմերին արդեն իսկ անդրադարձ է կատարվել ՀՀ դատական դեպարտամենտի մի շարք գրություններով, մասնավորապես` 22.04.2014թ. թիվ ԴԴ-1 Ե-2221 գրությամբ։ Դրանից զատ, տեղեկացվում է, որ անձանց` քրեական գործերի նյութերից պատճեններ ստանալու իրավունքը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Այսպես, նշված օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի համաձայն` մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն, իսկ նույն մասի 19-րդ կետի համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, իր նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների և մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը։ Ձեր որոշումներում նկարագրված իրավիճակներում դիմումատուները պահանջել են ոչ թե նախաքննության փուլում գտնվող գործերի նյութերի պատճենները, այլ` այնպիսի գործերի, որոնք արխիվացվել և պահվում են ՀՀ դատարանների արխիվում։ Հետևաբար, վերոնշյալ որոշումներով ներկայացված առաջարկությունների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի գործողություններով (առավել ևս` անգործությամբ) որևէ կերպ չեն խախտվել դիմումատուների իրավունքները։ Բացի դրանից, հայտնում ենք, որ, օրինակ, դիմումատու Արթուր Այվազյանի կողմից պահանջվող քրեական գործը բաղկացած է 15 հատորից, որոնցում առկա փաստաթղթերի ծավալը կազմում է 5527 էջ։ Նույնքան հատորից է բաղկացած նաև դատապարտյալ Արամ Դավթյանին վերաբերող քրեական գործը։ Նման պայմաններում ակնհայտ է, որ բազմածավալ այդ փաստաթղթերը պատճենահանելը և դիմողին տրամադրելը ենթադրում է էական ծախսերի կատարում։ Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և, մասնավորապես, դրա 1-ին հավելվածում ՀՀ դատական դեպարտամենտի կողմից իրականացման ենթակա բյուջետային նմանօրինակ ծախս առհասարակ նախատեսված չէ, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Ըստ այդմ, անհասկանալի է, թե ինչպես կարելի է միջոցներ ձեռնարկել դատական գործերի նյութերից պատճենների տրամադրման համար պետական տուրք վճարելու պահանջի ներկայացման և դրա գանձման դեպքերը բացառելու, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ` այն պարագայում, երբ կատարված գործողություններն ուղղակիորեն բխել են սահմանադրական և օրենսդրական (այդ թվում նաև` «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի) համապատասխան պահանջներից։ Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով որպես վարչարարության հիմնարար սկզբունք ամրագրված է նաև տնտեսավարության սկզբունքը։ Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը։ Ամփոփելով վերոգրյալը` կրկին անգամ տեղեկացնում ենք, որ դատապարտյալներ Արթուր Այվազյանին և Արամ Դավթյանին քրեական գործերում առկա նյութերի պատճենները կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված կարգով և չափով` պետական տուրքը համապատասխան հաշվեհամարին վճարելուց և անդորրագրերը ներկայացնելուց հետո։ Հարգանքով՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյան»:

Նմանատիպ նյութեր