211652_close_icon
views-count4608 դիտում article-date 14:28 17-05-2014

Փորձագետները կամփոփեն բուհեր այցելության արդյունքները

Ավարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերի այցելությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան: Ավելի վաղ փորձագետներն այցելել էին նաև Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ: Փորձագետները մայիսի 5-14-ը ուսումնասիրություն են կատարել ՀՊՏՀ-ում և Գյումրու ու Եղեգնաձորի մասնաճյուղերում, իսկ մայիսի 12-16-ը`ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի գյուղատնտեսական համալսարանում: Այցելության ընթացքում փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել բուհերի ռեկտորների, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, ուսանողների, բուհերի շրջանավարտնեևրի, պոտենցիալ գործատուների հետ: Մինչ այցելությունը բուհերը ներկայացրել էին ինքնավերլուծություն` հավատարմագրման կարգի պահանջների համաձայն: Այցելության ընթացքում հարց ու պատասխանի միջոցով փորձագետները պարզեցին նաև առանձին խմբերի կարծիքը առաջադրված հարցերի շուրջ: Փորձագիտական խմբերում ընդգրկված են երեք հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Հավատարմագրումը կազմակերպում և իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ): Այսքանով ավարտվում են փորձագետների այցելությունները ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհեր: Այցից հետո փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկման արդյունքները: Յուրաքանչյուր խմբի ղեկավարը կամփոփի դրանք ու կներկայացնի զեկույց, որն էլ կուղարկվի բուհին: Ուսումնական հաստատությունը կարող է ներկայացնել իր դիտարկումները, որից հետո զեկույցն ավարտական տեսքի կբերվի: Բուհը, վերջնական զեկույցի և կից խորհրդատվության հիման վրա, պետք է մշակի իր հետագա բարելավման պլանը, որի իրագործումը սահմանված ժամկետում կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Գործընթացի ավարտական փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշման հրապարակումը:

Նմանատիպ նյութեր