«Հայակը» կհյուրընկալի անվանի կինոգործիչների և արվեստագետների
Մայիսի 13-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Մրցանակաբաշխությունն իրականացնում է «Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը»` ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայկական ազգային կինոակադեմիայի աջակցությամբ և «Աֆինա Պալլադա» ընկերության հովանավորությամբ:
«Հայակ» մրցանակաբաշխությունն ընդգրկում է ինչպես Հայաստանի արտադրության ու հայաստանցի ռեժիսորների, այնպես էլ սփյուռքահայ ռեժիսորների և հայկական թեմաներով օտարազգի ֆիլմարտադրողների նկարահանած ֆիլմեր:
Հայաստանի արտադրության ու Հայաստանի քաղաքացիների նկարահանած ֆիլմերը կներկայացվեն 16 անվանակարգերում (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի և այլն): Սփյուռքի հայազգի ռեժիսորների և հայկական թեմաներով օտարազգի ֆիլմարտադրողների ֆիլմերի համար սահմանվում է մեկական անվանակարգ` «Լավագույն ֆիլմ»: Կտրվեն նաև Ռուբեն Մամուլյանի, Համո Բեկնազարյանի, Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակներ, ինչպես նաև հատուկ մրցանակներ ՀՀ մշակույթի նախարարության և Հայկական ազգային կինոակադեմիայի կողմից:
Այս տարի «Հայակը» կհյուրընկալի անվանի կինոգործիչների և արվեստագետների: