14947 դիտում
21:46 11-05-2014
Վրաերթ և խոշոր վթար՝ Երևանում. կան վիրավորներ. ժամանել են մեծ թվով բժիշկներ և փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ և խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Հալաբյան փողոցում Шевроле ավտոսերվիսի (նախկին Կինո Արագածի ) դիմաց Ford մակնիշի 06 ՍԼ 711 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել Hyundai -ի մակնիշի 33 ՏP 401 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածն ու վթարի ենթարկված 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, 3 հոգի Արմենիա բժշկական կենտրոն. 3 երեխաներ՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել շտապօգնության մի քանի բրիգադներ, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու նույն բաժնի պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները:
Վիրավորներին բժիշկների հետ օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և դեպքի վայրի հարևանությամբ գտնվող դեղատան աշխատակիցները:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչներ Միշա Մովսիսյանը և Գրիգոր Թամոյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վրաերթի ենթարկվածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված թույլատրելի հատվածով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+