Արամ Հարությունյանին մարզպետի պաշտոնում ներկայացրեց փոխվարչապետը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունից:
Ա. Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին և բարձր գնահատել մարզպետի պաշտոնում նրա երկարատև աշխատանքը: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ նա իր փորձով ու գիտելիքներով հետագայում ևս օգտակար կլինի պետական կառավարման համակարգում:
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշել է, որ նա երկար տարիներ աշխատել է հանրապետական գործադիր մարմնում, ծանոթ է նաև մարզին ու մարզում առկա խնդիրներին: Հաջողություններ և արդյունավետ աշխատանք մաղթելով մարզպետին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի խնդիրների լուծման, մարզում տարբեր ծրագրերի կենսագործման համար: Ա. Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզի համայնքներ՝ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի