Հադրութում ԼՂՀ հրամանատարական կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել արտագնա ծառայողական խորհրդակցություն
Մայիսի 5-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ Հադրութում տեղի է ունեցել արտագնա ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում իրականացված և իրականացվող գործընթացների քննարկմանը:
Խորհրդակցության ընթացքում նախ` միավորման հրամանատարը ըստ ուղղությունների ներկայացրել է ենթակա զորամասերում և առանձին ստորաբաժանումներում կատարված աշխատանքների ընդհանուր բնութագիրը, ապա անդրադարձել է առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Քննարկվող հարցերի շուրջ իրենց նկատառումներն են ներկայացրել նաև զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները:
Ծառայողական խորհրդակցությունը եզրափակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունն է հրավիրել խորհրդակցության ընթացքում հնչած թերացումների վերացման և տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա:
Նախարարը հատկապես կարևորել է բանակի վարչության աշխատանքը տեղերում, որը պետք է կրի ինչպես վերահսկողական, այնպես էլ օժանդակիչ բնույթ: