211652_close_icon
views-count1407 դիտում article-date 21:30 05-05-2014

Ազատության համար զոհված պատանու երգը (Bella ciao)

Մի անգամ հանդիմանում են թագավորին, որ վերջինս բավարար ժամանակ չի տրամադրում թագուհուն: Թագավորը պատասխանում է, որ մեկ սեր ունի՝ Հայրենիք: Եվ իր հոգին, սիրտը, միտքն ամբողջովին զբաղված են պետության խնդիրներով, ժողովրդի ազատության և անվտանգության ապահովման հարցերով: Այն ժողովուրդները, ովքեր երբևէ թագավոր են ունեցել, իրենց գենետիկ հիշողության մեջ պահպանել են Հայրենիքի նկատմամբ զգացմունքը: Այդ գենետիկ տեղեկությունը հայրենասիրության առաջին շարժիչն է, որը սոցիոլոգները համարում են հայրենասիրական ենթագիտակցական մղում: Երկրորդ շարժիչը քաղաքական գիտակցությունն է, որի միջոցով գնահատում են քաղաքական իրողությունները, և պետություն-հայրենիքի գոյությանը, առաջադիմությանը, զարգացմանը, հզորացմանն ուղղված համարժեք քայլեր են կատարում: Առաջինն արտահայտվում է հոգևոր հարթության մեջ, պոեզիայով, երգով, կրթությամբ: Ժողովրդի քաղաքակակրթական բարձրակարգության մասին կարելի դատել առաջին հերթին նրա երգերով, գրականությամբ, դպրոցով, և վերջապես հոգևորականի վարքով, հետո նոր քաղաքական ընտրանու գործողություններով: Ազատության, անկախության մասին երգերում արտահայտվում է ժողովրդի վերաբերմունքն այդ արժեքներին: Եթե ազատության մասին երգը մարդուն չի ոգևորում, նրա հոգին չի ալեկոծում, ապա այդ մարդու գենետիկ հիշողությունից ջնջվել են պետության-հայրենիքի-թագավորի մասին տեղեկությունները: Եթե քաղաքական ընտրանին արհամարում է օրենքն ու Սահմանադրությունը, կաշառք է վերցնում և չարաշահում իր պաշտոնական դիրքը, ապա դա նշանակում է, որ նա չունի քաղաքական գիտակցություն, իրեն չի զգում պետական-քաղաքական այր, չի գնահատում քաղաքական իրողությունները և չի կարևորում ժողովրդի ազատությունը: Այսպիսով, եթե ժողովուրդը ազատության մասին երգ չունի, իսկ քաղաքական ընտրանին քաղաքական գիտակցություն չունի, ապա այդ երկիրը քաղաքական էներգիա չի ստեղծում, այլ միայն մսխում է նախնիների կուտակածը, որը ինչ-որ ժամանակ անց վերջնականապես սպառվելու է և ժողովուրդը հանգելու է պետության գոյության ավելորդության գաղափարին: Նույնիսկ ազատության մասին մեկ երգը, մեկ բանաստեղծությունը, մեկ աղոթքը կարող են փոխել պատմության ընթացքը, բարձրացնել ժողովրդի միջազգային հեղինակությունը և երկար ժամանակով ապահովել նրա տեղն արևի տակ: Եթե ժողովուրդը երգի այդ երգը, կամ կարդա այդ բանաստեղծությունը, և ցույց տա իր սերը, նվիրվածությունը հայրենիքին-պետությանը, ապա դա նրան անպարտելի կդարձնի: Որպես ապացույց կարելի է դիտարկել պատերազմների պատմությունը: Որպես կանոն հաղթել կամ հաջող պաշտպանվել են այն ժողովուրդները, որոնք երգ են ունեցել, գրականություն, որոնց դպրոցում ամենաբարձր արժեքը եղել է ազատությունը: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր