Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է սակագների 0.1% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հանրային սննդի` 0.2%, բուժսպասարկման` 0.3%, տրանսպորտի` 0.6% (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 1.2% թանկացման հետ) ծառայությունների սակագների հավելաճով:
Ինչպես նշվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաղորդագրությունում, 2014թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է մշակույթի ոլորտի ծառայությունների սակագների 0.5% նվազում, իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, կապի, կրթության համակարգի, հանգստի կազմակերպման, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.3% հավելաճ, 2-ում` 0.3-0.1% նվազում, իսկ մյուս 2-ում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով: