2256 դիտում
20:43 29-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում
Ապրիլի 24-27-ին Գերմանիայում տեղի ունեցան Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
Ապրիլի 24-ին Գերմանահայ կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) նախաձեռնությամբ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Պաուլի անվան եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը, Հեսսեն երկրամասում հավատարմագրված դիվանագետներ, Բունդեսթագի և Լանդթագի պատգամավորներ, Հեսսեն և Բադեն Վյուրթեմբերգ երկրամասերում ՀՀ պատվավոր հյուպատոսները, գերմանացի մտավորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ելույթներով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը, ԳԿԽ վարչության անդամ Մադլեն Վարդյանը և Բունդեսթագի պատգամավոր Դիթմար Նիթանը, ովքեր շեշտեցին, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումն անթույլատրելի է: Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ Գեղարդ վանքի երգչախումբը: Հիշատակի խոսքով և հոգեհանգստյան աղոթքով հուշ-երեկոն եզրափակեց Հայ եկեղեցու Գերմանիայի թեմի փոխառաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը:
Ապրիլի 24-ին Բեռլինի երկու հայ համայնքների և ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բեռլինի Ֆրանսիական տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Բեռլինի քաղաքային խորհրդարանի անդամներ, Բեռլինի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Բեռլինում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, գերմանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանաքը: ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանն իր ելույթում նշեց, որ արդարադատությունն անհրաժեշտ է, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է և այն պետք է պատժվի, միայն ճանաչման ու զոհերի իրավունքների վերականգնումով են ցեղասպանության զոհերի սերունդները տեսնում իրենց զոհված նախնիների հիշատակի հարգումը: Ելույթով հանդես եկավ նաև Բոխումի համալսարանի պրոֆեսոր Հյոլշերը: Միջոցառմանը դասական երաժշտական կատարումներով հանդես եկավ երգչուհի Հրաչուհի Բասսենցը: Ոգեկոչման արարողությունն ավարտվեց Հայ եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի հակիրճ հիշատակի խոսքով և հոգեհանգստյան աղոթքով:
Ապրիլի 24-ին ԳԴՀ Շտուտգարթ քաղաքում Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում:
ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների, Բեռլինում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կազմակերպեց Գերմանիայի Հերֆորդ, Լյուբեկ և Համբուրգ քաղաքներում:
Հերֆորդ քաղաքում միջոցառումն անցկացվեց ապրիլի 24-ին Սուրբ Մարիա եկեղեցում:
Ապրիլի 26-ի Լյուբեկ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու միջոցառմանը երաժշտական բացառիկ կատարումներով հանդես եկան հայտնի գերմանացի երգեհոնահար Մայերը և հայ դուդուկահար Գ. Դաբաղյանը:
Համբուրգ քաղաքում նշյալ ծրագրի շրջանակներում միջոցառումն անցկացվեց ապրիլի 27-ին:
Ապրիլի 26-ին Մյունխենի Քրեմեր մշակութային կենտրոնի սրահում Բավարիայի հայ համայնքի, Մյունխենում հայ եկեղեցու համայնքի և Հայկական հարցերի հաստատության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին երկրամասի Լանդթագի պատգամավորներ, հասարակական-քաղաքական և լրատվական շրջանների ներկայացուցիչներ, Բավարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումն սկսվեց Մյունխենում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Այգիկ քահանայի հիշատակի խոսքով: Ողջույնի խոսքով հանդես եկավ Մյունխենի Հայկական հարցերի հաստատության տնօրեն Ալիս Մարուխյանը: Ելույթներով հանդես եկան դեսպան Հովհաննեսյանը և Բավարիայի հայ համայնքի ղեկավար Անի Չաքրը:
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
16:53 01-05-2015
Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումները
782 դիտում
17:00 15-05-2015
Գերմանիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումները
795 դիտում
18:32 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
Այս բաժնից
793 դիտում
15:42 28-11-2024
37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել
604 դիտում
15:27 28-11-2024
Եթե ԲԴԽ նախագահը մեկ SMS-ից հետո փախավ, էլ ի՞նչ դատավորների անկախություն․ Ռոբերտ Քոչարյան