211652_close_icon
views-count1759 դիտում article-date 14:43 26-04-2014

Աղոթքը՝ հոգևոր սնունդ

2013 թվականի սեպտեմբեր ամսից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում ամեն երեքշաբթի կատարվում է «Խոկման» արարողություն Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ և «Խոկման» արարողության պատասխանատու, «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի մասնակցությամբ: Խոկումը յուրաքանչյուր քրիստոնյայի համար շատ կարևոր է: Այն հնարավորություն է տալիս առավել մոտենալ Աստծուն և ապրել Աստվածահաճո կյանքով: Միջոցառման ընթացքում քահանան հանդես է գալիս քարոզով: Այնուհետև մասնակիցները հնարավորություն են ունենում աղոթել և առանձնանալ «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողություն ներքո: Արարողությունը կրում է «Եկեղեցին մեր տունն է» խորագիրը: Ուրախալի է, որ գնալով ավելի շատ մարդիկ, հատկապես երիտասարդներ են գալիս` մասնակցելու: Մեկ անգամ ևս համոզվում ենք, ինչպես արևմտահայ անվանի բանաստեղծ Վահան Թեքեյանն է ասում. «Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հավատքին»: Արարողության ժամանակ անջատվում են եկեղեցու լույսերը, և մասնակիցները հոգևոր երաժշտության, մոմերի լույսի ներքո խոկում են, իրենց մեջ վերլուծում ապրած կյանքը, կատարած քայլերը, մտորում, աղոթում եկեղեցու, հայ ժողովրդի, ինչպես նաև հիվանդների, ծանր, անելանելի վիճակում հայտնված մարդկանց համար: Աղոթքը հավատացյալի հոգևոր սնունդն է: Խոկման ընթացքում ստեղծվում է մի բացառիկ զգացողություն, ուր հաղորդակցվում են Աստծո հետ, զգում Նրա լույսն ու ջերմությունը: Աղոթելով մարդիկ ձեռք են բերում խաղաղություն, հոգևոր ներդաշնակություն, որը շատ կարևոր է կյանքի դժվարությունները հաղթահարելու և հանգիստ ապրելու համար: Մարդը միշտ մեղք է գործում` գիտակցված, թե չգիտակցված: Խոկման պահին նժարների վրա է դնում արածներն ու չարածները, կատարած լավ ու վատ արարքները: Մարդն ինքն իրեն սկսում է քննադատել, որոշում հրաժարվել վատ սովորույթներից, քայլել թեև դժվար, բայց ուղիղ ճանապարհներով: Մարդը միշտ ձգտում է ինքնակատարելագործվել, որը մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս խոկման արարողությունը: Ջերմեռանդ աղոթքն ու անսխալ քայլերն ուժ, զորություն և համաձակություն են տալիս մարդուն առավել վստահ ապրելու, քանզի երբ մարդն Աստծուն է վստահում իր կյանքն ու գործերը, ապրում Նրա պատվիրաններով, անպայման պատասխան է ստանում: «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. ԻԱ 22): «Երբ տեղ հասավ, ասաց նրանց. «Աղոթքի կանգնե՜ք, որ փորձության մեջ չընկնեք» (Ղուկ. ԻԲ 40): «Հավատամք» հոգևոր կենտրոնի մամլո գրասենյակ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր