Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Փարիզում ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետի հրավերով Ֆրանսիայում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ:
Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի, ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների ու այլ պաշտոնատար անձանց հետ Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրել հուշարձանին՝ ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի:
Այցի շրջանակում Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության անդամները նաև պաշտոնական հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խթանման հնարավորություններն ու իրականացվող ծրագրերի ընթացքը: Քննարկվել են նաև հեռանկարային նշանակության մի շարք առաջարկություններ:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նաև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դևեջյանի հետ: Այցի շրջանակում, ի նշան Երևան-Պլեսի Ռոբինսոն բարեկամության, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի այգում խաչքար կտեղադրվի՝ որպես նվեր Երևանի քաղաքապետարանի կողմից: