211652_close_icon
views-count1359 դիտում article-date 15:35 23-04-2014

Երևանի պետական համալսարանը «Ամենակարդացող բուհ» անվանակարգում հաղթող է ճանաչվել

Երևանի պետական համալսարանն այս տարի նույնպես հաղթող է ճանաչվել «Ամենակարդացող բուհ» անվանակարգում: Ապրիլի 18-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ամենակարդացող բուհերին պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաև Մայր բուհի ներկայացուցիչները, մասնավորապես ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը: Պատվավոր առաջին տեղում Մայր բուհն է, որի շուրջ 4 հազար ուսանողներ Իսահակյանի անվան գրադարանի մշտական ընթերցողներն են: 2-րդ տեղում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը (3 հազար ուսանող), իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Երևանի Վ. Բրույսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (2 հազար ուսանող): Միջոցառման մասնակիցներին դիմավորեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, ով շնորհակալություն հայտնեց բուհերին գրադարանի հետ սերտ համագործակցելու համար: «Ես երբեք չեմ համաձայնվել այն տեսակետի հետ, որ այսօրվա երիտասարդները չեն կարդում: Իհարկե նախապատվությունը տալիս են մասնագիտական գրականությանը, սակայն դա նույնպես իր բացատրությունն ունի: Մենք, հիրավի, գիրքը գնահատող ու սիրող սերունդ ունենք, և դա է վկայում մեր այսօրվա միջոցառումը»,- ասաց Հասմիկ Կարապետյանը և հավելեց, որ գրադարանում գրանցված ընթերցողների հիմնական մասն ուսանողներ են: Այնուհետև գրադարանի տնօրենը հանդիսավոր կերպով պատվոգիրը հանձնեց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին: «Մենք հպարտ են, որ մեր ուսանողները օգտվում են ոչ միայն համալսարանի գրադարանից, այլև այլ գրադարաններ են հաճախում: ԵՊՀ-ն պատրաստակամ է ոչ միայն շարունակել համագործակցությունը, այլև ընդլայնել այն: ԵՊՀ 95-ամյակին ընդառաջ՝ ԵՊՀ հրատարակչությունն Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին կնվիրի վերջին տարիների ընթացքում համալսարանում լույս տեսած բոլոր գրքերի մեկական օրինակ»,- նշեց Ռուբեն Մարկոսյանը: Հասմիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց պրոռեկտորին և հավելեց, որ գրադարանը կկազմակերպի ԵՊՀ-ի կողմից տրամադրված գրքերի ցուցադրություն, որպեսզի ընթերցողը դրանց ծանոթանալու հնարավորություն ունենա: Միջոցառման վերջում գրադարանի բարեկամների կողմից պատրաստված համերգային համարներին մասնակցում էր նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սան Մարիցա Թիլիքյանը:

Նմանատիպ նյութեր