1545 դիտում
18:41 15-04-2014
2014թ. առաջին եռամսյակում՝ 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է ցուցանիշների աճ
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության, գովազդի և արտաքին ձևավորման, առևտրի և սպասարկման ոլորտների ծրագրային աշխատանքների եռամսյակային հաշվետվությունը, անդրադարձել տարեկան ծրագրերի առաջիկա անելիքներին։
«Բոլոր ոլորտներում մենք հիմնականում աճ ենք արձանագրել՝ նախատեսածի և ծրագրային դրույթների համեմատ»,- նշել է Դավիթ Օհանյանը։
Առողջապահության ոլորտում 2013 թ. հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճ է նկատվում բնակիչների՝ բուժհաստատություններ դիմելիության, հետևաբար և բուժծառայություններից օգտվելու ցուցանիշներում։ Թերևս վստահության աճով պայմանավորված՝ 6 տոկոսով ավելացել է նաև համաբուժարաններ դիմելու դեպքերը. տարվա առաջին եռամսյակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 625089 քաղաքացի։ Երևանում ծննդօգնության եռամսյակային ցուցանիշը 5018 է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 57-ով ավելի։
Երևանի քաղաքապետի տեղակալը 2014 թվականի «Ձեզ համար, կանայք» անվճար առողջապահական ակցիան ծավալով ու բովանդակությամբ գնահատել է աննախադեպ։
«Մեծ նշանակություն ունեցավ քաղաքապետի կողմից պատասխանատուների առջև դրված հստակ խնդիրը, որպեսզի ակցիան կազմակերպվի ոչ միայն գինեկոլոգիական հիվանդությունների գծով, այլ լինի բազմակողմանի։ Արդյունքում 26.144 կին է օգտվել ակցիայից, մինչդեռ անցյալ տարի 5971-ն էին»,- նշել է Դավիթ Օհանյանը և շեշտել, որ ակցիայի ընթացքում բողոքներ չեն ստացել։
Երևանի քաղաքապետարանի այս տարվա «Ձեզ համար, կանայք» ակցիայի վիճակագրական տվյալներով՝ ակցիայից օգտված 26.144 կանանցից 16.286-ն առաջնային զննում են անցել, 13.281-ը՝ բուժհետազոտում, 10.803-ին բուժօգնություն է ցուցաբերվել։ Մինչ օրս ակցիայի շրջականում կատարվել է 1319 վիրահատական միջամտություն, որից 239-ը՝ գինեկոլոգիական, 498-ը՝ ակնաբուժական, 176-ը՝ ուռուցքաբանական, ևս 406-ը՝ այլ վիրահատություններ. ևս 619 հերթագրված կանայք վիրահատվելու են։
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ակցիան կհամարվի ավարտված, երբ բոլոր հերթագրվածները ստանան նախատեսված բուժսպասարկումը»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը, ապա շնորհակալություն հայտնել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական ու մասնավոր բուժհաստատություններին, որոնք արձագանքել էին քաղաքապետի կոչին և մասնակցել այս նախաձեռնությանը։ Քաղաքապետի տեղակալը նշել է, որ առաջիկա օրերին այդ բուժհիմնարկությունները կպարգևատրվեն քաղաքապետարանի շնորհակալագրերով։
Դավիթ Օհանյանը նաև ներկայացրել է առողջապահության ոլորտում քաղաքապետարանի կողմից նախանշված տարեկան ծրագրից որոշակի առաջնահերթություններ։
«Ինչպես բոլոր ծրագրերում, առողջապահության ոլորտում ևս մենք հիմնականում առաջնորդվում ենք Երևանի ավագանու ընտրություններում «Ավելի լավ Երևան» նախընտրական ծրագրի դրույթներով, որտեղ մեծ ուշադրություն ենք հատկացրել բուժհաստատություններին։ Մասնավորապես, 2013 թվականին 50 մլն-ից ավելի գումարի բուժսարքավորում է ձեռքբերվել ու տրամադրվել բուժհաստատություններին: Իսկ արդեն այս տարի առողջապահության ոլորտին համայնքային բյուջեից հատկացված 165 մլն դրամից այդ նպատակին կուղղվի 100 միլիոնը: Բացի այդ, հաշվի առնելով, որ համակարգչային տոմոգրաֆիան համարվում է ոչ մատչելի ծառայություն, 15 մլն դրամ էլ հատկացվել է այդ ծառայությունը սոցիալական խոցելի խմբերի համար հասանելի դարձնելու նպատակով: Իսկ մնացած 50 մլն դրամը կծախսվի բուժհաստատությունների վերանորոգման համար։ Ի դեպ, ուզում եմ հատկապես ընդգծել, որ այս տարեվերջին մանկական համաբուժարանները ամբողջությամբ կջեռուցվեն»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և հավելել, որ ծրագրերի իրականացման համար մրցույթներն արդեն հայտարարվել են։
Առողջապահական ոլորտի հաշվետվությունն ամփոփելով՝ Դավիթ Օհանյանը հիշեցրել է, որ օգոստոսին ծրագրված է քաղաքապետարանի առողջապահական երկրորդ ակցիան՝ «Երևանյան ամառ» բազմոլորտ ծրագրով։
Առևտրի և սպասարկման առումով ոլորտին բնորոշ ցուցանիշների աճ ևս արձանագրվել է՝ տեղական տուրքերի հավաքագրման, վարչական իրավախախտումների հայտնաբերման ու արձանագրման, սանիտարահիգիենիկ նորմերի համապատասխան առևտրի օգտին՝ բացօթյա առևտրի բացառման ուղղությամբ։
Գովազդի և արտաքին ձևավորման վարչության համակարգման առումով բանախոսը նշել է, որ այդ ոլորտում քաղաքապետարանն առաջնորդվում է նոր մոտեցումներով։ Մասնավորապես, շարունակվում է գովազդային վահանակների արդիականացման ծրագիրը, որը սկսվել էր նախորդ տարեվերջին։ Քաղաքապետի տեղակալը հիշեցնում է, որ դեռևս անցյալ տարի 106 մեծ վահանակներ փոխարինվել են փոքրածավալ՝ քաղաքային միջավայրին պատշաճ չափերի վահանակներով, ապամոնտաժվել է արդիականությունը կորցրած գովազդային շուրջ 3000 կրիչ։ Ի դեպ, սոցիալական գովազդին, օրենքով նախատեսված նվազագույնը 5 տոկոսի փոխարեն, քաղաքապետարանը շուրջ 20 տոկոս է տրամադրել։
Այս տարի մասնավորի հետ համագործակցության շնորհիվ 7 վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվելու Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում, Չարենցի, Հալաբյան, Կիևյան, Սեբաստիայի փողոցներում, Թբիլիսյան խճուղում։ Դավիթ Օհանյանը հատկանշել է, որ դրանց վայրերը քաղաքապետարանը որոշում է բնակիչների դիմումներով, ապա ՃՈ–ի տրամադրած տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության հիման վրա։
Հաշվետու ժամանակահատվածում Երևանի կանգառներում էլեկտրոնային 30 չվացուցակ է տեղադրվել։ Դրանք կգործարկվեն համապատասխան ծրագրավորումից հետո։
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ն, որի գործունեությունն ուղղված է Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի և այլ ենթակա գերատեսչությունների տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցմանը, ինչպես նաև Երևանը էլ ավելի հարմարավետ ու ապահով քաղաք դարձնելուն, հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է 43 ծրագիր, ինչը 5-ով ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Նորացվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը. ավելացվել են գործիքներ ու ծառայություններ, Երևանի մասին ճանաչողական նոր բաժիններ։ Գործարկվել է Երևան քաղաքի ինտերակտիվ բյուջեն՝ այդպիսով քաղաքապետարանի գործունեությունը էլ ավելի տեսանելի դարձնելով ու քաղաքացիների առաջ հաշվետու լինելու բարձր շեմ ապահովելով։ Ավելի ապահով Երևան ունենալու առումով էլ ձեռնարկության եռամսյակային աշխատանքներում Դավիթ Օհանյանը հատկապես կարևորել է Մանկական զբոսայգու և Մանկական երկաթուղու տեսահսկման համակարագի գործարկումը։ Տեղադրված 18 տեսախցիկներով այգու անցուդարձին ու հաստատված կարգուկանոնին կարելի է հետևել առցանց հեռարձակմամբ։
[i]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/i]
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
08:43 04-06-2014
Արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճե՞լ են․ ՉԻ
Այս բաժնից
562 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5530 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի