211652_close_icon
views-count2347 դիտում article-date 20:12 11-04-2014

Ատանաս Զաֆիռովը մտահոգություն է հայտնել Քեսաբի վրա իրականացված հարձակման կապակցությամբ

Ապրիլի 10-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Միխաիլ Միկովի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ինչպես նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները: Կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ինտենսիվացման, տնտեսական կապերի խորացման և միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարներին: Անդրադառնալով Բուլղարիայի հայ համայնքին՝ դեսպան Սհոյանն ու Բուլղարիայի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր գնահատեցին 99 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներից բաղկացած համայնքի դերը Բուլղարիայի զարգացման գործում: Նույն օրը Բուլղարիայի խորհրդարանում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի խորհրդարանի բոլոր չորս կուսակցությունները ներկայացնող, 12 պատգամավոր ընդգրկող Բուլղարիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կարևորվեցին տնտեսական կապերի աշխուժացմանը նպաստող քայլերի ձեռնարկումը և միջխորհրդարանական համագործակցութան հետագա խորացումն ու ընդլայնումը՝ բարեկամական խմբերի ուղղակի շփումների միջոցով: Խմբի նախագահ Ատանաս Զաֆիռովը խմբի անունից իր մտահոգությունը հայտնեց` Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա իրականացված հարձակման կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր