ԼՀՂ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում
ԼՀՂ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում: Այն վերանորոգվել է 2008 թվականին Հայաստան համահայկական հիմանդրամի աջակցությամբ: Այստեղ ծավալված են թերապևտիկ, վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական և մանկական մահճակալներ: Այս տարվա ընթացքում բուժմիավորումում ծնվել է 34 երեխա:
Հադրութի շրջանային բուժմիավորումն ունի շտապօգնության 4 մեքենա, երեքը`գծային, մեկը` վերակենդանացման: Շրջանի գյուղական բնակչությանը սպասարկում են 4 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 26 բուժակ մանկաբարձական կետեր:
Շենքային պայմաններին և մատուցվող բուժօգնության ծավալներին ծանոթանալուց հետո նախարար Քուշկյանը տեղում հրավիրված խորհրդակցության ժամանակ բուժմիավորման անձնակազմին ծանոթացրել է իր նախագծերին, նշել, որ լրջագույն ծրագրեր ունի սրտանոթային հիվանդությունների բուժման և կանխարգելման հետ կապված:
Նա բարձր է գնահատել բուժանձակազմի պրոֆեսիոնալիզմը և նկատել է, որ վիթխարի կադրային ներուժ կա Արցախում, հարկավոր է պահպանել ունեցածը և ճիշտ օգտագործել հնարավորությունները: Այս ճանապարհով է հնարավոր միայն հասնել կարգախոս դարձած գերնպատակին` «Արցախցին պետք է բուժվի Արցախում»:
Հարություն Քուշկյանը տվել է հանձնարարականներ մասնագետների վերապատրաստման, տեղում բուժօգնության որակի և մատչելության բարձրացման ուղղությամբ, հորդորել սրտացավ և հետևողական լինել հանձնարարությունների կատարման հարցում, հաջորդ հանդիպումը նշանակել մեկ ամսից, կրկին Հադրութում: